Ախալքալաքի մունիցիպալիտետում Վրաստանի Կարմիր խաչի ընկերությունը բարեգործական ակցիա է անցկացնում բժշկական օգնության մատչելիության նպատակով։ Այս ակցիայի շրջանակներում ապրիլի 22-ին Զակ գյուղի ամբուլատորիայում, իսկ ապրիլի 23-ին Վաչիան գյուղի ամբուլատորիայում բժիշկները կանցկացնեն անվճար խորհրդատվություն և ախտորոշում։
Մասնավորապես, Զակ և Վաչիան գյուղերում ապրիլի 22-23-ը կմատուցվեն այնպիսի բժշկական ծառայություններ, ինչպիսիք են՝
• որովայնի խոռոչի և այլ ներքին օրգանների էխոսկոպիա (ուլտրաձայնային հետազոտություն)
• սրտաբանական հետազոտություն
• գինեկոլոգիական հետազոտություն
• ակնաբուժական հետազոտություն
• արյան մեջ շաքարի մակարդակի որոշում
• վահանաձև գեղձի ճառագայթային հետազոտություն
Հասանելի կլինի նաև գինեկոլոգի, թերապևտի և ակնաբույժի խորհրդատվություն։
Վերոնշյալ գյուղերում անվճար ծառայությունները հասանելի կլինեն ժամը առավոտյան 10-ից մինչև երեկոյան 18:00-ն:
Ծառայությունների համար կարող են դիմել թե՛ այս գյուղերի բնակիչները, թե՛ առհասարակ մունիցիպալիտետի բոլոր բնակիչները։
Բժիշկները խնդրում են այն բուժառուներին, ովքեր ցանկանում են էխոսկոպիկ հետազոտություն անցնել, արդյունավետ ախտորոշման համար ամբուլատորիա ներկայանալ դատարկ ստամոքսով և լիքը միզապարկով։ Նախնական գրանցում չկա, տեղում կլինի կենդանի հերթ։
Վրաստանի Կարմիր Խաչի ընկերությունն այս բարեգործական միջոցառումն իրականացնում է Ախալքալաքի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։