Ավանդույթի համաձայն՝ Ծաղկազարդի կիրակիին նախորդող շաբաթ օրը Խուլգումո գյուղում «Ծառդադար» են խաղում: Այդ օրը երեխաները կերպարանափոխված շրջում են գյուղով մեկ, այցելում յուրաքանչյուր տուն, տանտիրոջից խնդրելով՝ հավկիթ և անուշեղեն: Ավանդույթը գալիս է հնուց, որը տարիների ընթացքում փոխանցվելով սերնդե սերունդ հասել է մեր օրեր։
«Ծառդադար»-ին երեխաները օրվա երկրորդ կեսին խմբեր են ձևավորում և անցնում տնից տուն՝ հավկիթ ու քաղցրավենիք հավաքելու:
Թակում են յուրաքանչյուր տան դուռ և օրվա խորհրդին համապատասխան բանաստեղծություն արտասանում:
Ծառդադարը՝ ծառին մնա,
Կարմիր հավը՝ թառին մնա,
Տվողը՝ շեն մնա,
Չտվողը՝ բնգլդոցին դեմ մնա․․․
Տանտերերը պարտավոր են երեխաներին հավկիթ և քաղցրավենիք տալ: Ստանալով իրենց բաժին նվերները երեխաները ուրախ-զվարթ հեռանում են, այդպիսով շրջելով ամբողջ գյուղով: Երեխաները հավաքած հավկիթները կամ տուն են տանում, կամ գյուղի խանութում վաճառում: Իսկ հավաքած քաղցրավենիքը ընկերներով ուտում են։
Նախկինում «Ծառդադար»-ի ժամանակ տնից տուն են անցել միայն տղա երեխաները և երեկոյան ժամերին, որպեսզի մութ լինի և նրանց չճանաչեն։ Երթիկներից ներս ոտանավոր են ասել և երթիկից ներս դույլ են կախել, ով որ հավկիթ չի դրել երեխաները քարեր են լցրել ներս։
Սակայն տարիների ընթացքում այս ավանդույթը փոփոխությունների է ենթարկվել և հիմա տղաների հետ հավասար նաև աղջիկներն են «Ծառդադար» խաղում: Հիմա կեսօրից են սկսում խաղալ և որպեսզի իրենց չճանաչեն դեմքերն են ներկում:
Խուլգումոյում մեծահասակները «Ծառդադար»-ից մի շաբաթ առաջ տան երեխաներին միշտ հիշեցնում են ավանդույթի մասին, որպեսզի նրանք չմոռանան և անպայման խաղան: