Փայտե հյուղակում ապրող Մարտիրոսյանների 4 հոգուց բաղկացած ընտանիքն ընդամենը մի երազանք ունի, որ երեխաները լավ սովորեն և նորմալ կյանքով ապրեն: Սոցիալապես անապահով ընտանիքը հազիվ է կարողանում առօրյա հոգսերը հոգալ:

Ախալքալաքցիների համար հայտնի, քաղաքի ծայրամասում գտնվող Շանհայ անունով բնակավայրում են ապրում Հայկանուշն ու նրա 3 անչափահաս երեխաները: Իրական կյանքն այս տնակի ներսում այնքան անիրական է թվում: Ապրելու համար տարրական պայմաններից զուրկ տնակում նույնիսկ սովորական նստելու աթոռ չկա: Լվացքի պարաններ և խնամքով պահված մանկական հատուկենտ խաղալիքներ: Անկախ այս ամենից երեխաները ժպտում են ու չեն դժգոհում իրենց կյանքից:
anapahov1

10 տարի առաջ, 34 տարեկան հասակում Հայկանուշի ամուսինը մահացել է, ինչից հետո Մարտիրոսյանները ստիպված են եղել վարձով ապրել:

«Աղջիկս 1,5 տարեկան էր: Նրա ծնողները ինձ դուրս արեցին տնից, երեխաներիս հետ եկա հորս տուն: Հետո վարձով էի ապրում, առանց լույսի, առանց ջրի մեկ սենյականոց տան մեջ, 3 երեխան հետս գոյատևել եմ: 6 տարի վարձով այստեղից այնտեղ եմ տեղափոխվել: Հետո, որպես անապահով ընտանիք, Վարչությունը զինվորական ավանում 2 սենյականոց բնակարան տվեց, որտեղ համարյա 2 տարի ապրեցի: Բայց այդ տունը նույն Վարչությունը վաճառեց ուրիշ մարդու: Մեր պետությունը 3 երեխաս դուրսը թողեց, եկան ամանեղենս ջարդեցին, ոստիկանով դուրս արեցին», – պատմում է տիկին Հայկանուշը:

anapahov5

Հայկանուշը թակում է բոլոր կարելի ու անկարելի դռները և ի վերջո, երկար վեճերից հետո Ախալքալաքի շրջանային վարչությունը նրանց տեղավորում է քաղաքից դուրս գտնվող այս տնակում: Արդեն երեք տարի է, որ սոցիալապես անապահով ընտանիքն այստեղ է բնակվում, սակայն ամեն տարի, երբ ձմեռն է մոտենում նրանց կյանքն էլ ավելի է բարդանում:

«Արդեն 3 տարի է այս տանն ենք ապրում: Հա քանդված է, ապրելու ոչ մի պայման չկա, բայց մերն է»,- Աստծուն փառք տալով պատմում է Հայկանուշը:

anapahov6

Փայտաշեն այս տնակը հեռվից բավականին խոստումնալից տեսք ունի, սակայն ինչքան մոտենում ես, այնքան ընդգծվում է անմխիթար վիճակը: Քանդված տանիք, որն ավելի ակնառու երևում է ներսից: Օդում կախված թանձր ծուխը ինքնին խոսում է, այս պատերի ներսում ապրողների կյանքի մասին: Փայտի վառարանը միայն այն դեպքում են վառում, երբ այլևս անհնար է դառնում ցրտին դիմանալ: Հիմնականում երեկոյան ժամերին են վառում, այն էլ այն դեպքում, երբ վառելու բան են ունենում։

«Ձմռան ամենաբարդ խնդիրներից է փայտի հարցը լուծելը։ Փայտ չունենք, մի ծառ ունեինք, դա էլ կտրեցինք, տեսնենք ինչքան կհերիքի», – ասում է երեք երեխաների մայրը:

anapahov7
Չնայած նրան, որ Հայկանուշը բազում առողջական խնդիրներ ունի, բայց ամեն աշխատանքի համաձայնվում է: Աշնանը, կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ երեխաների հետ դաշտեր է գնում աշխատելու:

«Երեխաներիս հետ կարտոֆիլ հավաքելու գնացինք, փող հավաքեցինք, երկու պատուհան փոխեցինք: Պատերը շատ բարակ են և ինչքան ուզում ես փայտ վառիր, տունը չի տաքանա: Միայն երկուսը կարողացանք փոխել», – նշեց Հայկանուշը:

Մեր հարցին թե ինչ կուզենաք փոխել ձեր կյանքում, մարդիկ ինչով օգնեն, տիկին Հայկանուշն առանց երկմտելու պատասխանեց. «Օգնեք, կարողանամ երեխաներիս նորմալ կրթություն ապահովել: Մի օր լավ, մի օր վատ կանցնի, կարևորը երեխաներիս ապագան է»:

anapahov9

Փոքրիկ Մարետան երազում է բժշկուհի դառնալ: «Փոքր ժամանակից ուզում եմ բժիշկ դառնալ: Եթե լավ սովորեմ անպայման կդառնամ ու բոլոր հիվանդներին կբուժեմ»:

anapahov8

Չնայած կյանքի բազմաթիվ բարդությունների, երեխաները դեռ մանկական չիրականացված երազանք ունեն:

Աղջիկը երազում է ունենալ այն տիկնիկը, որի կողքով ամեն օր անցնում է: «Երկար փողոցի վրա է խանութը: Մայրիկիս ասացի այդ կուկլան կուզեմ, բայց չառավ՝ թե դու արդեն մեծ աղջիկ ես, ինչիդ է պետք»,- ասաց Մարեթան:

Ի տարբերություն Մարետայի, նրա եղբայրը ոգևորությամբ չի խոսում երազանքների ու ցանկությունների մասին: Ուղղակի խոսքի մեջ նշում է՝ «Ինչքան էլ մեծանամ, մեկ է առնելու եմ հեծանիվ»:

Հեծանիվի անիվները մինչև ուր կտանեն այս երեխաների երազանքերը դեռևս անորոշ է:
anapahov4

anapahov3

Աղունիկ Այվազյան