Ախալքալաքի մի շարք դպրոցներում տարբեր մասնագետների պակաս կա: Հետաքրքիր է, որ ֆիզիկան, մաթեմատիկան կամ քիմիան տարեց տարի դադարում են երիտասարդներին հետաքրքրել, որպես մասնագիտական ուղղություններ: Շատերն են բողոքում, որ սովորելուց հետո աշխատանք չեն գտնում, իսկ արդյոք երիտասարդները ուսումնասիրե՞լ են դպրոցներում պահանջվող մասնագետների ցանկը և ի՞նչ խորհուրդ են տալիս տնօրենները:

Jnews-ն ուսումնասիրելով դպրոցներում ուսուցիչների թափուր աշխատատեղերի մասին տեղեկություն հաղորդող teacherjobs.ge կայքէջը, նկատել է, որ Ախալքալաքի դպրոցներում հիմնականում ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, աշխարհագրություն, արվեստ և երաժշտություն առարկաների մասնագետների թափուր աշխատատեղեր կան: Այս տեղեկությունը հաստատեցին նաև մեր հարցախույզին մասնակցած դպրոցների տնօրենները ևս:

Զակի հանրային դպրոցի տնօրեն Վարդուհի Մկրտչյանի խոսքով, այս պահին ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա առարկաների մասնագետների կարիք ունեն: Իսկ, օրինակ՝ իրենց դպրոցում արվեստ և երաժշտություն առարկաներն այլ մասնագիտությամբ ուսուցիչներ են դասավանդում:

«Մեր դպրոցի շրջանավարտներից շատերն են որոշում բարձրագույն կրթություն ստանալ Երևանում, Թբիլիսիում, իսկ այս տարի նրանցից մեկը նաև Ռուսաստան գնաց: Նրանց մեջ կան տարբեր մասնագիտություն ընտրածներ, կարծում եմ, նրանցից ոմանց ապագայում կտեսնենք ուսուցչի պաշտոնում: Ուսուցչի մասնագիտություն ընտրելը բարդ է, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր ու արժեքավոր: Ես միշտ խորհուրդ եմ տալիս երիտասարդներին այդ որոշումը կայացնել, համարելով, որ դա նաև պատվավոր պաշտոն է»,- մեզ հետ զրույցում նկատում է տիկին Վարդուհին:

Բարալեթի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Լենա Կարապետյանը նշում է՝ իրենց դպրոցում մասնագետների կարիք չկա և թափուր ժամեր չունեն: Շրջանավարտներն ընտրում են տարբեր մասնագիտություններ՝ անգլերեն, իրավաբանություն, մաթեմատիկա, բժշկություն և այլն: Իսկ նրանք, ովքեր ուսուցիչներ դարձած հետ են վերադառնում, եթե գյուղի դպրոցում չեն տեղավորվում աշխատանքի, ապա գնում են այլ դպրոցներում դասավանդելու:

«Ես գտնում եմ, որ ուսուցիչ պետք է ծնվել և ոչ դառնալ, պետք է հոգով լինել մանկավարժ, եթե 100 անգամ էլ ծնվեի էլի այս մասնագիտությունը կընտրեի և իմ աշակերտներին էլ միշտ խորհուրդ եմ տալիս լավ մասնագետ դառնալ և նվիրվել դրան: Այն երիտասարդներին, ովքեր տատանվում են ընտրե՞լ թե ոչ, ուսուցչի մասնագիտությունը, ես կասեմ հետևյալը` եթե զգում եք, որ դա ձերն է, ապա ընտրեք, իսկ եթե դրան վերաբերվելու եք միայն որպես փող աշխատելու մեթոդ, ապա՝ ոչ: Առաջ շատերն էին ուզում ուսուցիչ դառնալ, բայց հիմա նկատում եմ, որ երիտասարդները ավելի շատ այլ ոլորտների են ձգտում»,- հավելում է նա:

Ֆիզիկա, քիմիա, ռուսերեն և անգլերեն, ահա այս առարկաներն է առանձնացնում Հոկամի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Հովհաննես Մղդեսյանը՝ նշելով, որ շատ կարևոր է որ երիտասարդները ուշադրություն դարձնեն պահանջվող մասնագիտություններին և ուսում ստանալուց հետո հետ վերադառնան իրենց գյուղեր, փորձեն զարգացնել և հզորացնել դպրոցը:

Գառնուկ Տաշչյանը, ով Օլավերդի հանրային դպրոցի տնօրենն է, նշում է՝ դպրոցներում հատկապես բնագիտական առարկաների մասնագետների կարիք կա:

«Կառանձնացնեմ նաև արվեստ առարկան, որը շատերը համարում են երկրորդական ու ոչ կարևոր, բայց գրեթե ոչ մի դպրոցում չկա համապատասխան մասնագետ, շատ առարկաների ուսուցիչներ բուն մասնագետներ չեն, բայց դասավանդում են, քանի որ այլ ելք չկա: Մեր շրջանավարտներից ևս կան երիտասարդներ, ովքեր մանկավարժի մասնագիտություն են ընտրել, բայց դժվարանում եմ պատասխանել արդյոք հետ կգա՞ն: Դա կախված է նրանց ընտրությունից և ապագայի պլաններից», – ասում է Տաշչյանը:

Քարսեփ գյուղի 9-ամյա դպրոցում 80% մասնագետների խնդիր կա: Դպրոցի տնօրեն Մալխազ Մանասյանն ասում է.

«Մեր դպրոցում դասավանդում են նաև Հոկամ գյուղից, և քանի-որ մեր դպրոցը բազային է, մեր աշակերտները հետագայում գնում են՝ կամ Հոկամ, կամ Ախալքալաք: Ովքեր բարձրագույն կրթություն են ստանում, մասնագետներ են դառնում որպես կանոն հետ չեն վերադառնում: Պարզ է, բարդ պայմաններ ունեցող ծայրամասային գյուղ է, իսկ երիտասարդները ձգտում են այլ աշխատանք գտնել և հետ չվերադառնալ: Սակայն իմ խորհուրդն է երիտասարդներին՝ ընտրել մանկավարժի մասնագիտությունը, քանի որ ամեն բան սկսվում է հենց դպրոցից և ուշադրություն դարձնեն հենց դեֆիցիտ առարկաներին»: