Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է 2023-2024 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման պայմանները։

I փուլ. Գրանցման առաջին փուլում՝ 2023 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները:

Առաջին փուլում գրանցման ենթակա երեխաների ծնողները պետք է դիմեն նախընտրելի հանրակրթական դպրոց։ Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Կրթության առանձնահատուկ կարիքը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմում-հայտը, որից հետո բազմամասնագիտական ​​թիմը կգնահատի երեխային և կորոշի նրա կրթական կարիքը։ Կրթության առանձնահատուկ կարիքների հաստատման դեպքում դպրոցը համապատասխան փաստաթղթերի հիման վրա կապահովի աշակերտի ընդգրկումը։ Առաջին փուլում գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման և ընդունելության ժամկետը 2023 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 28-ն է։

Երեխան կարող է համարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ, եթե ունի՝ ա) ֆիզիկական հաշմանդամություն, բ) մտավոր զարգացման խախտում, գ) սովորելու կարողության խախտում, դ) զգայական զարգացման (լսողության և (կամ) տեսողության) խախտում, ե) խոսքի զարգացման խանգարում, զ) վարքային և հուզական խանգարում, է) երկարատև հոսպիտալացման անհրաժեշտությունը, ը) սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, ինչի պատճառով նա չի կարողանում հաղթահարել ազգային ուսումնական պլանի պահանջները, թ) աուտիզմի սպեկտր:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաները հնարավորություն կունենան գրանցվել հաջորդ փուլերում։

II փուլ. Գրանցումը հնարավոր կլինի մայիսի 2-ից մինչև մայիսի 15-ը, և դպրոցում կգրանցվեն այն երեխաները, որոնց քույրերն ու եղբայրները սովորում են նախընտրելի դպրոցում, ծնողը/խնամակալը նախընտրելի հանրակրթական դպրոցի աշխատակից է, ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ ընդունվում են առաջին դասարան, ապա երկրորդ փուլում հաշվառումը կատարվում է հանրակրթական դպրոցներում՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմամբ։ Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։

III փուլ. Ընդհանուր գրանցումը կմեկնարկի մայիսի 17-ից և կշարունակվի մինչև հունիսի 9-ը։

Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 13-ից մինչև հունիսի 24-ը ներառյալ։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։

IV փուլ. Գրանցումը կիրականացվի դպրոցներում հունիսի 28-ից մինչև հուլիսի 12-ը:

Այս փուլում այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն ազատ մնացած կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։