Եվրոպական միությունն այսօր հայտարարել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին, որը գործելու է Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում: EUMA-ն հիմնելու որոշումը Եվրոպական Խորհրդի կողմից կայացվել էր 2023 թվականի հունվարի 23-ն:

Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայվող առաքելության նպատակներն են՝ նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության եւ անվտանգության ամրապնդմանը հակամարտության հետեւանքով տուժած համայնքներում, ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող միջավայր:

«EUMA-ի բացառապես քաղաքացիական առաքելությունը կունենա մոտ 100 անդամ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ», – ասված է հաղորդագրության մեջ:

Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը, իսկ առաքելության ղեկավարը՝ Մարկոս Ռիտերը: