Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում գոյություն ունի մի քանի հոր, որոնցից միայն մեկի սկիզբն ու վերջն է հայտնի։ Նաև բնակիչները ասում են, որ գյուղը փոսի վրա է:

Ամենախոր հորը այն ստորգետնյա ճանապարհի ծայրն է, որը սկսվում է գյուղից դուրս գտնվող Մուրջեր կոչվող քարանձավից։ Գյուղացիները անցյալ տարի գտել էին մի անցք, որը նույնպես տանում է մի ճանապարհով, որը ավելի շատ կարելի է անցուղի անվանել քան՝ թաքստոց։ Հորի ներսում հնարավոր չէ կանգնել, կամ կուզեկուզ շարժվել, այն շատ ցածր և նեղ ոլորաններով է շարունակվում։

տուրցխ1

Գուցե նախկինում այն հարմար է եղել քայլելու համար, բայց այսօր այնտեղ մտնելու և ուսումնասիրելու համար միակ հարմար դիրքը պառկած վիճակն է։ Հորի ներսում բացի սահմանափակ շարժումներից, զգացվում է նաև օդի պակասություն, որը ավելի ու ավելի է շատանում երբ խորանում ես ճյուղավորվող ոլորաններով։ Թե այդ ճանապարհները ուր են տանում, կամ այդ հորը, որպես ինչ է ծառայել կարելի է միայն ենթադրել։ Գյուղացիները գտնում են, որ այն օգտագործվել է որպես հացի, ոսկու և ապրուստի այլ միջոցների պահեստ, որոնք հսկել են հոգևորականները։ Գուցե այդ տեսակետը գոյություն ունեցող ճշմարտության հետ ընդհանուր եզրեր չունի, կամ հենց այն է միակ ճշմարտությունը, դա կարող են հստակ ասել հնեաբանները մի շարք ուսումնասիրություններից հետո։

Ջուլիետա Տոնականյան