Նինոծմինդայի շրջանի հողագործները, ովքեր կորցրել են կարտոֆիլի ամբողջ բերքը սերմերի մշակման դեղամիջոցի պատճառով, մինչ դեկտեմբերի 25-ը կստանան վնասի փոխհատուցում, բայց ոչ թե գումարով, այլ` կարտոֆիլի սերմացույով: Ֆերմերները դժգոհ են փոխհատուցման պայմաններից, սակայն պայմանագիրը ստորագրել են:
Հողագործներից շատերը Նինոծմինդայի շրջանից են: Հողագործները, ովքեր վնաս են կրել սերմացու մշակման դեղամիջոց «Սելեստ-Թոփ»-ից, պայմանագիր են կնքել դեղամիջոց մատակարար-ընկերության հետ, ըստ որի մինչ դեկտեմբերի 25-ը կստանան փոխհատուցում վնասված կարտոֆիլի համար:
Օգոստոսին ՍՊԸ «Մակրիոլի» ընկերության աշխատակիցները եկել են Փոքր Խանչալի գյուղ և առաջարկել հողագործներին ստորագրել պայմանագիր, համաձայն, որի մեղավոր է հողագործներին անհայտ ռուսական ընկերությունը: Բացի այդ, նրանք խոստացել են փոխհատուցել միայն ծախսերի վնասը: Այդ անգամ բոլոր հողագործներները հրաժարվել են ստորագրել պայմանագիրը և փաստաբան են վարձել, որպեսզի նա պաշտպանի իրենց իրավունքները և փոփոխություններ մտցնի պայմանագրում: Հողագործները ցանկանում են, որ վնասի համար «մեղավորները» փոխհատուցեն ոչ միայն սերմերի ծախսերը, այլև չստացված շահույթը: Սակայն, փաստաբանը կարողացել է պայմանավորվել միայն ծախսերի փոխհատուցման համար:
Բոլոր տուժած հողագործները այդ դեղամիջողը գնել են ՍՊԸ «Ագրոջավախեթի»-ից, որի հիմնադիրն է Սոսո Ամիրխանյանը, որին դեղամիջոցը մատակարարում է ՍՊԸ «Մակրիոլի» ընկերությունը: Բանակցությունների ընթացքում, պարզ դարձավ, որ կա նաև մի երրորդ ռուսական ընկերություն, որից ՍՊԸ «Մակրիոլի» ընկերությունը գնել էր «Սելեստ-Թոփ» դեղամիջոցը:
Հողագործների փաստաբան Իրակլի Գվարամաձեն մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք հասել են առավելագույնին, ինչին հնարավոր էր հասնել տվյալ իրավիճակում:
«Ես բանակցություններ եմ վարել ՍՊԸ «Մակրիոլի» ընկերության աշխատակիցների հետ, բայց դա առաքող ընկերությունն է, անմիջապես մատակարարը Ռուսաստանից է: Կլինի բնական փոխհատուցում, մենք այլ կերպ չկարողացանք պայմանավորվել: Չստացված եկամուտների փոխհատուցման վերաբերյալ մենք ընդհանրապես չկարողացանք պայմանավորվել», – ասում է փաստաբան Իրակլի Գվարամաձեն:
Ըստ պայմանագրի ՍՊԸ «Մակրիոլի» ընկերությունը մինչ դեկտեմբերի վերջ կհատուցի վնասը: Ընկերությունն առաջարկել է վճարել վնասները կարտոֆիլի սերմերով և պարարտանյութով: Ըստ փաստաբանի, գյուղացիները ընտրել են սերմացու կարտոֆիլը:
Սարո Մահտեսյանն ասում է, որ «Մակրիոլի»-ի կողմից առաջարկվող պայմանները ձեռնտու չէ, սակայն նա ստորագրել է պայմանագիրը, որպեսզի ընդհանրապես դատարկ չմնա: Սարո Մահտեսյանի մոտ փչացել է 1 հա 85 հար տարածք կարտոֆիլի դաշտը:
«6 ամիս է արդեն տանջվում ենք, փաստաբանը մեզ ասաց, որ համաձայնվեք, գոնե մի բան վերցրեք, թե չէ դատավարությունը կարող է տարիներ տևել: Կփոխհատուցեն միայն ծախսերը: Ինձ տալու են 10 տոննա կարտոֆիլ: Ոչ մի հատիկ կարտոֆիլ չեմ հավաքել դեղամիջոցից վնասված դաշտից: Այս տարի նվազագույնը ես կունենայի 50 տոննա կարտոֆիլ, թող թեկուզ վաճառեի 35 թեթրիով», – ասում է Սարո Մահտեսյանը:
Համլետ Մահտեսյանը ցանկանում է ստանալ գումարը:
«Այսօրվա պայմաններում կարտոֆիլը վաճառվում է 35-40 թեթրիով, իսկ իրենք գնահատել են 1 կգ.-ի համար 75 թեթրի: Եթե նրանք մեզ տային գումարը, մենք կարող ենք էժան գնել կարտոֆիլը: Բայց քանի որ դեղամիջոցը բերված էր Ռուսաստանից, դժվար էր ռուսական ընկերության հետ կապ հաստատել և ստանալ լիարժեք փոխհատուցում: Իսկ այդ մարդիկ օգնեցին մեզ առնվազն վերականգնել մեր ծախսերը», – ասում է Համլետ Մահտեսյանը:
Համլետ Մահտեսյանին տալու են են 10 տոննա 500 կգ կարտոֆիլ:
Քանաքար Իսպիրյանն ասում է, որ ստորագրել է պայմանագիրը, քանի որ բոլորն էլ ստորագրել են:
«Այս տարի մարդիկ լավ բերք են հավաքել, իսկ մենք մնացել ենք առանց որևէ բանի: Լավ է, որ գյուղացիները մեզ օգնեցին, կարտոֆիլ տվեցին, որպեսզի ձմռանը ուտելու կարտոֆիլ ունենանք», – ասում է Քանաքար Իսպիրյանը:
ՍՊԸ «Ագրոջավախեթի»-ի հիմնադիր Սոսո Ամիրխանյանը, ումից որ գնել են «Սելեստ-Թոփ» դեղամիջոցը, նույնպես տուժել է այս դեղամիջոցից: Սակայն, նա պայմանագիրը դեռ չի ստորագրել և բանակցություններ է վարում:
Ըստ փաստաբանի, ՍՊԸ «Մակրիոլին» սերմացու կարտոֆիլը գնելու է Ախալքալաքի շրջանից և մինչ դեկտեմբերի 25-ն արդեն կբաժանի բոլոր տուժվածներին:
Շուշան Շիրինյան