Նոյեմբերի սկզբներին պաշտոնապես տեղի ունեցավ Ախալքալաք-1 և Ախալքալաք-2 հիդրոէլեկտրոկայանների բացումը: Հէկ-երի կառուցումը տևել է 4 տարի, ինչի համար ծախսվել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար։ Բացումից ամիջապես հետո Վրաստանում սկսեցին լուրջ քննարկումներ ընթանալ հիդրոէլեկտրոկայանների կառուցման արժեքի մասին:

Բանն այն է, որ այն ավելի թանկ է կառուցվել, քան ավելի հզոր որևէ այլ հիդրոէլեկտրոկայան, օրինակ՝ Ռաճայում։ Այս թեմայի շուրջ JNEWS-ը զրուցել էր «Սմարթ մամուլ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Վախթանգ Մգելաձեի հետ, ով նույնպես հայտնելով իր մասնագիտական կարծիքը, ընդգծել է, որ նախագծի ինքնարժեքն անիրատեսական բարձր է։

Այս թեմայով՝ Փորձագետ. «Ախալքալաքի ՀԷԿ-ի կառուցման արժեքն անիրատեսական բարձր է»

Այս քննարկումների և առհասարակ ՀԷԿ-երի արժեքի մասին Ախալքալաքի հիդրոէլեկտրակայանի նախագծի ղեկավար Լաշա Մգելաձեն JNEWS-ի հարցմանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Այն գումարը, որը մենք հայտարարել էինք Ախալքալաքի հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, ծախսվել է ոչ միայն ՀԷԿ-ի կառուցման, այլև ամբողջ նախագծի վրա: Այն ներառում է՝ և՛ «Ախալքալաք-1», և՛ «Ախալքալաք-2» հիդրոէլեկտրակայանների կառուցումը, և 10 սոցիալական նախագծերը, որոնք իրականացրել ենք ՀԷԿ-երին հարակից՝ Օրջա, Կորխ և Դիլիսկա գյուղերում:

Կառուցել ենք ոռոգման համակարգ, 500 քմ. մակերեսով մարզադահլիճ, ճանապարհներ, խմելու ջրի համակարգ և բազմաթիվ այլ ծրագրեր։ Նշենք նաև՝ «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» ՀԷԿ-երը կառուցվել են միջազգային չափանիշներին լիովին համապատասխան (IFC-ի և EIB-ի բնապահպանական, սոցիալական և աշխատանքի անվտանգության չափանիշներ): ՀԷԿ-երում տեղադրված են եվրոպական սարքավորումներ, մասնավորապես՝ ավստրիական արտադրության տուրբոգեներատորներ և հիդրավլիկ վահաններ։ Եթե ​​մենք ընտրեինք այլ անորակ արտադրամասեր, բնականաբար, ծրագրի բյուջեն շատ ավելի ցածր կլիներ։ Սակայն մեր ընկերության մոտեցումն ի սկզբանե եղել է այս ոլորտում ներդնել բարձր ստանդարտ, ինչին մենք հաջողությամբ հասել ենք: «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» ՀԷԿ-երը երկու օրինակելի նախագծեր են ամբողջ Վրաստանում»:

Երկու ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը կազմում է 9,1 ՄՎտ, իսկ տարեկան արտադրողությունը՝ մոտ 49 ԳՎտ:

Այն հարցին, թե արդյո՞ք Ախալքալաքը կստանա հիդրոէլեկտրոկայնների արտադրած էլեկտրոնէներգիայից, նախագծի մենեջերը պատասխանել է. ««Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան էլեկտրահաղորդման գծով մատակարարվում է Դիլիսկա գյուղում տեղակայված 35 կՎտ հզորությամբ ենթակայանին։ Նշված ենթակայանը պատկանում է Energo Pro Georgia-ին, իսկ այս ենթակայանը 110 կՎտ գծով միացված է Ախալքալաքի ենթակայանին, որը նույնպես պատկանում է Energo Pro Georgia-ին և էլեկտրաէներգիա է մատակարարում Ախալքալաքի քաղաքապետարան։ Ձեր հարցի պատասխանը դրական է, այո, Ախալքալաքի հիդրոէլեկտրակայանը էլեկտրաէներգիա է մատակարարում տեղական ենթակայաններին»։

Ներկա փուլում շինարարական աշխատանքները փաստացի ավարտված են։ Երկու կայաններն էլ գործում են։ Օպերացիոն անձնակազմի 13 անդամներից 6-ը տեղացիներ են: