Նոյեմբերի 5-ին պաշտոնապես տեղի ունեցավ Ախալքալաք-1 և Ախալքալաք-2 հիդրոէլեկտրոկայանների բացումը: Երկու ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը կազմում է 9,1 ՄՎտ, իսկ տարեկան արտադրողությունը՝ մոտ 49 ԳՎտ: ՀԷԿ-երի կառուցումը տևել է 4 տարի, ինչի համար ծախսվել է 26 մլն ԱՄՆ դոլար։ Բացումից մի քանի օր անց Վրաստանում սկսեցին լուրջ քննարկումներ ընթանալ հիդրոէլեկտրոկայանների կառուցման արժեքի մասին: Բանն այն է, որ այն ավելի թանկ է կառուցվել, քան ավելի հզոր որևէ այլ հիդրոէլեկտրոկայան, օրինակ՝ Ռաճայում։ Այս թեմայի շուրջ JNEWS-ը զրուցել է «Սմարթ մամուլ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Վախթանգ Մգելաձեի հետ:

Վերջին օրերին Վրաստանում բուռն քննարկումների թեմա է դարձել Ախալքալաք-1 և Ախալքալաք-2 հիդրէլեկտրոկայանների կառուցման արժեքը, ի՞նչ կասեք այդ մասին։

– Տեխնիկական, բնապահպանական չափանիշները պաշտպանված են, ուրեմն վատ բան չկա, որ նոր սերնդի օբյեկտ է գործարկվել, ընդհակառակը, սա պետք է ամեն կերպ ողջունել։ Բայց սատանան մանրուքների մեջ է: Իսկ դա նշանակում է, որ նախագծի ինքնարժեքն անիրատեսական բարձր է: Այսինքն՝ 9,1 մեգավատ հզորությամբ կայանի կառուցումն արժեցել է 20 մլն դոլար։ Համեմատության համար կարող եմ նշել, որ երեկ հայտարարություն եղավ Ռաճայում Չիուրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին, 17 մեգավատ հզորությամբ այս կայանը նույնքան է արժեցել՝ 26 մլն դոլար:

Ո՞րն է գնային նման մեծ տարբերության պատճառը։

– Վախենում եմ, որ խոսքը պրոֆեսիոնալիզմի մասին չէ, այլ չարամտության: Հիմա կբացատրեմ, թե ինչում է կայանում խնդիրը: Արտադրող օբյեկտների կառուցման արժեքի 2/3-ը գնում է տուրբինների ձեռքբերմանը։ Այդ տուրբիններն արտադրում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են համաշխարհային կորպորացիաներ Siemens-ը, General Electric-ը։ Նշանակում է, որ միջին հաշվով մեկ մեգավատի համար ծախսվում է մեկ միլիոն եվրո կամ դոլար՝ կախված նրանից, թե որտեղից է այն գնվում, գումարած տրանսպորտը և որոշ այլ ծախսեր։ Այսինքն՝ էլեմենտար ամբողջ տեխնիկայի ձեռք բերումը ամենաթանկը 10 միլիոն դոլարից ավելի չէր կարող լինել։ Իսկ մնացածը՝ հողատարածքն է, կոմունիկացիան, տարածքի ջրահեռացումը, ջրային զարկերակների մատակարարումը, բուն կասկադի կառուցումը, բետոնապատումը, նախագծային աշխատանքները և այլն։ Դե, համապատասխանաբար, ես և ոչ միայն ես կարծում եմ, ինչպես փորձագետներն են ասում՝ միջին հաշվով 10 միլիոն նախահաշվով նախագիծն ավարտված է։ Այսինքն՝ մոտ 15-16 միլիոն դոլար պետք է արժենար, բայց ոչ՝ 26 միլիոն:

Ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ հիդրոէլեկտրոկայանի հետ կապված:

– Եթե ինչ-որ ձեռնարկություն բացես, ներդրում անես, հետո մինչև այդ ներդրումները հետ չվերադարձնես, եկամտահարկ չես վճարում։ Ըստ այդմ, որքան շատ ներդրում է կատարվում թղթի վրա, այնքան ուշ է վճարվում եկամտահարկը։ Այսինքն՝ պետությունն ավելի քիչ հարկ է ստանում։ Սա մի խնդիր է, և ամենափոքրը։ Մյուս խնդիրը շատ ավելի մեծ է։ Դա կայանում է նրանում, թե ի՞նչ արժեքով է պետությունը պարտավորվում էլեկտրաէներգիա ձեռք բերել այս կայանից: Սակագինը հաշվարկելիս չափանիշներից մեկն ինքնարժեքն է։ Ըստ այդմ, որքան մեծ է ներդրումը, այնքան նրանք կարող են բարձր սակագին սահմանել։ Մեզ՝ պետությանը ձեռնտու չէ թանկ գնով էլեկտրաէներգիա ստանալ։ Շահագրգռվածություն կա, որ մենք ունենանք մատչելի, էժան էլեկտրաէներգիա, որովհետև թանկ էլեկտրաէներգիան ապրանքների և ծառայությունների բարձր արժեք է ենթադրում: Սա թանկ արտադրություն է, սա գնաճ է, այսինքն՝ դա մեր ինչի՞ն է պետք:

Արդյո՞ք Ախալքալաքի մունիցիպալիտետը կստանա էլեկտրոէներգիա այս հիդրոէլեկտրոկայաններից։

– Դե, ես կարծում եմ, որ սկզբունքորեն դա չի արվում, քանի որ էլեկտրական համակարգը ընդհանուր է, արտադրված էլեկտրաէներգիան մտնում է ընդհանուր կաթսա։ Օրինակ, դուք կարող եք օգտագործել Ինգուրի ՀԷԿ-ից ստացած էլեկտրաէներգիան: Եթե ​էլեկտրաէներգիան չմտնի ընդհանուր համակարգ, այն ուղղակի կկորի։ Հետևաբար, հնարավոր չէ կցել կոնկրետ տարածաշրջանի, որպեսզի այս կայանը էլեկտրաէներգիա տրամադրի կոնկրետ տարածաշրջանի։

Արդյո՞ք կան մունիցիպալիտետներ, որտեղ հիդրոէլեկտրոկայան կառուցելու պատճառով «վարձատրում» են։

– Որքան գիտեմ, բարձրլեռնային վայրերում արժեքի արտոնություններ կան։ Օրինակ՝ լեռնային Սվանեթիում, բայց լավ չեն օգտագործում այն, քանի որ այնտեղ կրիպտոարժույթներով են զբաղվում։ Ստեղծվում են մայնինգ ֆերմաներ, որոնք մենք վերածում ենք կրիպտոարժույթների՝ Bitcoin և այլն, և այլն: Հաշվի առնելով, որ այդ բիթքոյնները վաճառվում են միջազգային բորսաներում, բյուջե հարկեր չի մուտքագրվում, իսկ էլեկտրաէներգիան սպառվում է, այսինքն, թե ի՞նչ օգուտ ունի Վրաստանը սրանից, դա մեծ հարց է: