Ծալկայի մեծամասնական պատգամավոր Գոգի Մեշվելիանին երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Ծալկայի մունիցիպալիտետի Ղզրքիլիսա գյուղում հանդիպել է մահացած Հայկազուն Բաբերցյանի հարազատներին, ովքեր դեկտեմբերի 6-ին, բողոքի ցույցով, հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ:

Մահացած Հայկազուն Բաբերցյանի հարազատները դեկտեմբերի 6-ին, հավաքվել էին Ծալկայի քաղաքապետարանի շենքի դիմաց և ցանկանում էին հանդիպել մեծամասնական պատգամավոր Գոգի Մեշվելիանիի հետ։ Նրանց պահանջն էր օգնել և արագացնել Հայկազուն Բաբերցյանի մահվան գործի քննությունը։ Հանդիպումն այդ օրը չկայացավ, քանի որ պատգամավորը Ծալկայում չէր։

Պատգամավորի հանդիպումը մահացածի հարազատների ու համագյուղացիների հետ տեղի է ունեցել երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ղզրքիլիսա գյուղի կենտրոնում։

Գոգի Մեշվելիանին լսելով ցուցարարներին, խոստացել է, որ կքննարկի այս հարցը և կօգնի այնչափ, որքան թույլ կտան իր լիազորությունները։

Մահացածի եղբոր՝ Գեւորգ Բաբերցյանի խոսքով, պատգամավորը խնդրել է, որպեսզի իրենց փաստաբանը կապնվի նրա հետ։

«Նա ասաց, որ մեր փաստաբանը կապ հաստատի իր հետ, նաև ասաց, որ մեկ շաբաթից մենք էլ կարող ենք կապնվել իր հետ ու պարզել, թե ինչպես է ընթանում գործընթացը»,- ասաց Գեւորգ Բաբերցյանը։

Ղզրքիլիսա գյուղի բնակիչ Հայկազուն Բաբերցյանն անհետացել էր այս տարվա փետրվարի սկզբին, երեկոյան դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել։ Նրա դին հայտնաբերվել է անհետանալուց յոթ ամիս անց։ Աճյունն ամփոփվել է մեկ ամիս առաջ։ Հարազատները կարծում են, որ մահվան դեպքի հետաքննությունն անարդյունավետ է։

Մահացած Հայկազուն Բաբերցյանի հարազատները պահանջում են արագացնել նախաքննությունը

Կորել է 33-ամյա Հայկազուն Բաբերցյանը, տեսնողներին խնդրում ենք արձագանքել