Վրաստանի Կառավարությունը փոփոխություններ է կատարում Բյուջետային օրենսգրքում, ըստ որի՝ 2023 թվականի հունվարի 1-ից մունիցիպալ եկամուտները կավելանան և կշարունակեն աճել մինչև 2024 թվականը ներառյալ։ Ի՞նչ է փոխվում։
Վրաստանը երկար տարիներ աշխատում է ապակենտրոնացման վրա, որում անհրաժեշտ է զգալի արդյունքների հասնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում։ Վրաստանի խորհրդարանը ապակենտրոնացման ռազմավարության վրա աշխատանքն ավարտել է դեռ 2019 թվականի սեպտեմբերին։
Կառավարությունն աշխատում է ապակենտրոնացման ռազմավարության իրականացման ուղղությամբ։ Այն հավանություն է տվել բյուջետային օրենսգրքում փոփոխությունների նախագծին` մունիցիպալիտետների եկամուտները հաջորդականորեն ավելացնելու նպատակով:
Փոփոխությունների համաձայն՝ մունիցիպալիտետի եկամուտները կավելանան իր տարածքում գրանցված պետական հողերի հարկերի և մուծումների հաշվին։
Այսպիսով, պետական հողերը վարձակալելիս և տնօրինելիս աստիճանաբար կփոխվի բյուջեների միջև բաշխումը` տեղական և պետական։ Ընդհանուր առմամբ մունիցիպալ մասնաբաժինը կավելանա 15%-ով։ Պետբյուջեի 65 տոկոսի և մունիցիպալ բյուջեի 35 տոկոսի ներկայիս բաշխման փոխարեն 2023 թվականին այն կլինի 60/40, իսկ 2024 թվականին՝ 50/50։
2024 թվականից պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքից բյուջեների միջև բաշխումը կավելանա 25%-ով և, համապատասխանաբար, եկամուտների 90%-ը կմնա տեղական բյուջեում՝ ներկայիս 65%-ի փոխարեն։
Նաև 2024 թվականից պետական սեփականություն հանդիսացող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքից 10 տոկոս աճը կրկին հօգուտ մունիցիպալիտետի կլինի, իսկ տեղական բյուջեի եկամուտն արդեն կկազմի 60 տոկոս՝ ներկայիս 50 տոկոսի փոխարեն։
Բացի այդ, 2024 թվականից ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող հիմնական ակտիվների, շենքերի և շինությունների վաճառքից լրացուցիչ 5%-ը մուտքագրվելու է տեղական բյուջե, որը 35%-ի փոխարեն կդառնա 40%: