Լարսի անցակետում օրեցօր մարդկանց հերթն ավելանում է։ Ռուսաստանի քաղաքացիները զորահավաքի մասին հայտարարությունից հետո զանգվածաբար լքում են երկիրը: Ռուսաստանի հետ սահմանային անցակետերում երկար հերթեր են, այդ թվում՝ Վրաստանի հետ սահմանին: Ախալքալաքից-Մոսկվա և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներից մեկն արդեն մի քանի օր է փորձում է հատել ռուս-վրացական սահմանը, բայց՝ ապարդյուն:

Հինգ օր շարունակ Լևոնը չկարողանալով հատել ռուս-վրացական սահմանը որոշում է կայացրել վերադառնալ Կրասնոդար: Նրա խոսքով, իրավիճակը սահմանին բարդ է ու խրթին:

«Մարդիկ մեքենաները թողնում են, ոտքով, հեծանիվներով, ինքնագնացներով մոտ 20 կմ հատում են, որ 3000 հոգու մեջ հերթ են կանգնում, որ կարողանան սահմանն անցնել», – պատմում է Լևոնը:

Նրա ուղևորները ևս սահմանը ոտքով են հատել և արդեն հասել են իրենց բնակության վայրեր:

Լևոնի խոսքով, ռուսական սահմանի մոտ նոր բացված զորահավաքի կետում ստուգում են բոլորին և հետ են ուղարկում միայն նրանց, որոնց անունով ծանուցագիր է ուղարկվել:

Մարդկանց հոսքը դեպի սահման չի դադարել, Լևոնի խոսքով, տպավորություն է, որ «քարացած» վիճակ է, սակայն սահմանային անցակետերն աշխատում են գերծանրաբեռնված ռեռժիմով և օրական 10 հազարից ավելի մարդու են սպասարկում:

Լևոնը նշում է՝ ժամ առ ժամ մեքենաների հերթը դեպի Վալդիկովկաս ավելանում է։

Հիշեցնենք, որ Լարսի անցակետում բազմահազարանոց հերթեր են սկսվել սեպտեմբերի 21-ից, երբ Ռուսաստանը հայտարարեց մասնակի զորահավաքի մասին:

Կարդացեք նաև՝

Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել

Վերին Լարսի անցակետում կստեղծվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ