Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհուրդը որոշել է կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ առաքելություն գործուղել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։

Կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպմանը որոշվել է նաեւ ստեղծել աշխատանքային խումբ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական դիտարկման համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է «ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին», որոնք ուղղված են լարվածության թուլացմանը։

«Տեղի է ունեցել մտքերի հիմնավոր եւ անկեղծ փոխանակում։ Նիստի բոլոր մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ եւ հանդես են եկել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով դրա կարգավորման օգտին` միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների եւ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ։

«Մասնակիցները ցավակցություն են հայտնել հայկական կողմին ծանր զինատեսակների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով առաջացած զոհերի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։