Ախալքալաքի բնակչության շրջանում շատ տարածված են սննդային թունավորման դեպքերը։ Համաճարակաբանները սա անվանում են «կեղտոտ ձեռքերի սեզոն»: Չնայած հանրության հաճախակի բողոքներին, ոչ Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ), և ոչ էլ տեղի հիվանդանոցում, պաշտոնապես սննդային թունավորման դեպք չի գրանցվել։ Մարդիկ այնտեղ չեն դիմում:
Մեկ ամսից ավելի է, ինչ Ախալքալաքում և գյուղերում, երեխաների մոտ նկատվում է փսխոց, փորլուծություն, երբեմն ուղեկցվող բարձր ջերմությամբ, երբեմն՝ առանց դրա։ Սկզբում սկսեցին խոսել, որ թունավորման դեպքերը խմելու ջրից են, սակայն բժիշկ-համաճարակաբանները հերքում են այս վարկածը։ Ըստ նրանց, դրանք ամառային, սննդային թունավորումներ են։ Պետք չէ անհանգստանալ, անհրաժեշտ է պահպանել հիգիենան և դիմել բժշկի, եթե փսխումն ու փորլուծությունը ուղեկցվում են բարձր ջերմությամբ, կամ նկատվում է օրգանիզմի ջրազրկում։ Այլ դեպքերում թույլատրվում է բուժվել տանը:
Ըստ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Իսպիրյանի, այս շրջանում թունավորումներ միշտ էլ լինում են:
«Երեխաներն ուտում են անլվա ձեռքերով, ուտում են չլվացած միրգ ու բանջարեղեն, մեծահասակները նույնպես չեն հետևում հիգիենային։ Կարծում եմ, որ այս տարի նման դեպքերը շատ չեն, առաջ ավելի շատ էին»,- ասում է Գայանե Իսպիրյանը։
Համաճարակաբանի խոսքով, ամբողջ ամսվա ընթացքում հիվանդությամբ դիմելիության մի քանի դեպք է գրանցվել, այն էլ՝ մանկական բաժանմունքում։
Համաճարակաբան Իսպիրյանը խորհուրդ է տալիս, հատկապես, ամառվա այս ժամանակահատվածում պահպանել ձեռքերի հիգիենան, բանջարեղենն ու միրգը, սնունդը օգտագործել միայն լվանալուց հետո, սնունդը անպայման պահել սառնարանում, չթողնել արևի տակ, հատկապես կրեմով տորթերը։
Բարձր ջերմության դեպքում անպայման դիմել բժշկի, եթե նկատվում է փորլուծություն, շատ հեղուկ ընդունել, հանքային ջուր:
Թունավորման դեպքեր Ախալքալաքում, արդյո՞ք ջրից է