«Ռուսաստանը գերակշռում է վրացական մրգի և բանջարեղենի արտահանման հարցում, ինչ վերաբերում է նոր շուկաներին, ապա մենք չենք կարող միայնակ դուրս գալ միջազգային մակարդակ: Սա այն հարցն է, որի շուրջ պետությունը, բիզնեսը և արտադրողները պետք է համատեղ աշխատեն»,- ասում է Վրաստանի միրգ և բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրը և «Ֆրուտիլիա» ընկերության հիմնադիր Վախթանգ Բեժիտաշվիլին:

Վերջինիս խոսքով՝ սա բարդ ու կոմպլեքսային հարց է և բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, ուստի մոտ ապագայում այն չի հաջողվի լուծել, գրում է «Business Georgia»-ն։

«Հիմա ռուսական շուկայում որոշակի խնդիրներ կան, և մեր արտահանումը կրճատվել է։ Ռուսական շուկան արդեն լի է մրգերով ու բանջարեղենով, բացի այդ՝ դրա վճարունակությունը նվազել են։ Ուստի ապագայում արտահանողները, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնեն այս իրավիճակը և կմտածեն արտահանման դիվերսիֆիկացման մասին»,- հայտարարել է նա։

Բեժիտաշվիլիի խոսքով՝ նախորդ տարիների համեմատ Վրաստանից մրգերի և բանջարեղենի արտահանման գինը նվազել է 30%-ով, իսկ որոշ դեպքերում՝ 50%-ով։

«Նախորդ տարիների համեմատ գինը նվազել է մոտ 30 տոկոսով, եթե ոչ ավելի, ընդհանուր առմամբ նվազման միտում կա, շուկայում ավելցուկային արտադրանք է մուտք գործում, և պահանջարկ այլևս չկա, հետևաբար՝ բաց մրցակցության պայմաններում գինն ընկել է, իսկ մեր արտադրանքն այնքան էլ որակյալ չէ»,- հայտարարել է գործարարը։