Վրաստանի կառավարությունն ակնկալում է, որ մինչև այս ամսվա վերջ երկրում ավտովառելիքի գները զգալիորեն կնվազեն, ասել է Էկոնոմիկայի նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին։
«Globalpetrolprices» պորտալի տվյալներով՝ Վրաստանում վառելիքը ամենաթանկն է տարածաշրջանի երկրներից։ Օգոստոսի 9-ի դրությամբ՝ Վրաստանում բենզինի միջին գինը մեկ լիտրի դիմաց կազմել է 3,68 լարի, իսկ դիզելինը` 4,55 լարի։
Հինգշաբթի օրը Դավիթաշվիլին և Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել են խոշոր գազալցակայանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գների հետ կապված իրավիճակը։ Կողմերը խոսել են շուկայի կանխատեսումների, մրցակցային խնդիրների և մարժան նվազագույնի հասցնելու հնարավորությունների մասին։
Դիտարկվում էր նաև վառելիքի մատակարարման էժան աղբյուրներ գտնելու հնարավորությունը, ինչը կարող էր երաշխավորել ընթացիկ գների իջեցումը։
Միևնույն ժամանակ, էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ հնարավոր է վերափոխել գների հետ կապված իրավիճակը՝ ապահովելով շուկայում ավելի բարձր մրցակցություն։
Գազալցակայաններում վառելիքի գինը ձևավորվում է մի քանի գործոնների հանրագումարից՝ մաքսային գնից, ակցիզային հարկից, ԱԱՀ-ից, գործառնական ծախսերից և մաքսային արժեքից:
2022 թվականի մայիսին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել է Տնտեսական խորհրդին զբաղվել վառելիքի բարձր գների պատճառներե պարզելու հարցով։ Այնուհետև Մրցակցության գործակալությունը կանոնավոր մշտադիտարկում է անցկացրել՝ հետևելով Ռուսաստանից, Բուլղարիայից և Ռումինիայից ներկրվող նավթամթերքի արժեքին։ Պարզվել է, որ չնայած ինքնարժեքի մի քանի անգամ տարբերությանը, երեք երկրներից ներկրվող վառելիքը վաճառվում է նույն գնով։