Իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ Վրաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը էթնիկ վրացիներ են։ Այս մասին նա հայտարարել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում։
«Այս տարի Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների թիվը երեք անգամ պակաս է, քան 2019 թվականին։ Բացի այդ, սահմանային անցումների տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի 24-ին պատերազմի սկսվելուց հետո Վրաստան մուտք գործած և հուլիսի 31-ի դրությամբ Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը 110 հազարից պակաս է, ինչը Վրաստանի բնակչության նույնիսկ 3%-ը չէ։ Բացի այդ, նրանց մեծ մասը ազգությամբ վրացիներ են»։
Իշխող կուսակցության ղեկավարի խոսքով՝ «եթե դատել տրամաբանորեն», ապա ռուսաստանցիների թիվը, ովքեր կարող էին մշտական բնակության համար տեղափոխվել Վրաստան, չի գերազանցի 20 հազարը։ Եվ քանի որ, ըստ նրա, Ռուսաստանի Դաշնությունում ապրում է մոտ մեկ միլիոն էթնիկ վրացի, Ուկրաինայում պատերազմից հետո այդ մարդիկ շատ հնարավոր է որոշեն վերադառնալ իրենց հայրենիք։
Կոբախիձեն նաև կրկին կապեց Վրաստան ռուսների ներհոսքի մասին խոսակցությունները ընդդիմության կողմից սատարվող այլատյացության ինչ-որ արշավի հետ: Նրա խոսքով՝ իրենց պնդումները «դատարկ սուտ, շահարկումներ և մանիպուլյացիաներ են»։
«Եթե դուք քամահրանք եք զգում շարքային ռուսների նկատմամբ, ուրեմն ոչինչ չեք լսել մարդու իրավունքների, միջազգային իրավական չափանիշների և առավել եւս մշակույթի մասին»,- հավելել է «Վրացական երազանք»-ի նախագահը։
Քաղաքական գործչի խոսքով՝ խտրականության արշավի նպատակը Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Կոբախիձեն պնդում է, որ «ամոթալի այլատյաց և շովինիստական արշավի հետևում կանգնած է «պատերազմի կուսակցությունը»՝ Միասնական ազգային շարժումը և նրա արբանյակները՝ քաղաքական ուժերը, ԶԼՄ-ները և ՀԿ-ները։ Նրա խոսքով, դրանք ոչ մի կապ չունեն իրական վրացական և եվրոպական արժեքների հետ։ «Այլատյացությունը և շովինիզմը երբեք չեն եղել և չեն լինի վրացական մշակույթի մաս»: