Առաջիկա երեք տարիների ընթացքում Վրաստանում պետական ծառայողների աշխատավարձերը տարեկան կավելանան մոտ 10%-ով, այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, այսօր «պետական աշխատողների» միջին աշխատավարձը մոտավորապես 26 տոկոսով պակաս է մասնավոր հատվածում աշխատողների աշխատավարձերից։ Մինչև 2026 թվականը կառավարությունն ակնկալում է տարբերությունը կրճատել մինչև 6-10 տոկոս:
«Պետական ծառայության միջին աշխատավարձը մասնավոր հատվածի համեմատ կազմում է մոտ 74%, որը պատմության մեջ ամենացածր ցուցանիշներից մեկն է… Քաղաքացիական ծառայության աշխատավարձը տարեկան կավելանա մոտ 10%-ով՝ հասնելու այն պարամետրերին, որոնց մասին ես խոսում եմ»,- ասել է Խուցիշվիլին։
2021 թվականին Վրաստանում պետական ծառայողների աշխատավարձերն աճել են 10%-ով, իսկ բազային պաշտոնեական վարձատրությունը կազմել է 1100 լարի։ Պետական աշխատողների ընդհանուր աշխատավարձային ֆոնդն աճել է 177 մլն լարիով և հասել 1,83 մլրդ լարիի։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում բյուջեից աշխատավարձ է ստանում մոտ 301 հազար մարդ։ Նրանց թվում են դպրոցի մինչև 60 հազար ուսուցիչներ, հրշեջներ, ոստիկաններ, նախարարությունների, տարբեր պետական գերատեսչությունների և մունիցիպալ ընկերությունների աշխատակիցներ։