Այսօրվանից Ռուսաստանը պատմական նվազագույնի է հասցնում գազի մատակարարումները Եվրոպա։ «Գազպրոմը» որպես կանխարգելիչ միջոց 10 օրով փակում է «Հյուսիսային հոսք» գազատարը, թեև Եվրոպան մտավախություն ունի, որ դա շատ ավելի երկար կլինի, և սպասում է էներգետիկ ճգնաժամ։ Այս մասին հաղորդում է BBC-ին։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, երեք տարի առաջ «Գազպրոմը» տարբեր խողովակաշարերով Եվրոպային օրական 500 մլն խ/մ բնական գազ էր մատակարարում։ Այս ծավալը կրկնակի կրճատվել է այս տարվա մայիսին։ Հուլիսի սկզբին այն արդեն կազմում էր օրական 140 մլն խ/մ։

BBC-ի փոխանցմամբ՝ «Թուրքական հոսք» գազատարի վրա հայտարարված պրոֆիլակտիկ աշխատանքներից հետո ծավալը նվազել է մինչև 100 մլն խ/մ։ Իսկ այժմ՝ առաջիկա 10 օրվա ընթացքում, Ռուսաստանը խոստանում է Եվրոպային օրական մատակարարել ընդամենը 75 մլն խ/մ գազ։

Միաժամանակ, ստեղծված ճգնաժամային իրավիճակի ֆոնին Եվրամիությունն առաջիկա օրերին կհայտարարի նոր արտակարգ միջոցառումների ծրագրերի մասին։