Վրաստանը և Հայաստանը պարզեցրել են բեռների փոխադրման մաքսային ձևակերպումները՝ տեղեկության օպերատիվ ռեժիմով էլեկտրոնային փոխանակման շնորհիվ։
Հուլիսի 8-ին Թբիլիսիում Վրաստանի ֆինանսների նախարարությանը կից Եկամուտների ծառայության պետ Լևան Կակավան և Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ստորագրել են «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ամբողջական ներդրման մասին» արձանագրություն։
Արձանագրությունը կողմերին հնարավորություն է տալիս ապահովելու երկու երկրների սահմանների միջև շարժվող բեռների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության համաժամանկյա փոխանակում, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։
Վերը նշված ռեժիմը մեծապես կհեշտացնի մաքսային ձևակերպումները և կբարձրացնի վերահսկողական միջոցառումների արդյունավետությունը ինչպես անցակետերում, այնպես էլ տնտեսական մաքսազերծման գոտիներում:
Արձանագրության գործարկումը կնպաստի մաքսային վարչությունների միջև արդյունավետ համագործակցությանը՝ ապահովելով անվտանգության պահանջների պահպանումը և օրինական առևտուրը։
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, այսօր աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում։
Վրաստանի և Հայաստանի միջև գործում է ազատ առևտրի ռեժիմ, և Հայաստանը գտնվում է Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների տասնյակում։
Վրաստանում գործում է շուրջ 400 ընկերություն, որոնք ստեղծվել են հայկական կապիտալով։ Հայաստանի հետ համագործակցությունը հատկապես ինտենսիվ է տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում՝ ցամաքային տրանսպորտի ուղղությամբ։
Նշենք, որ Վրաստանի և Հայաստանի հանրապետությունները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հուլիսի 17-ին։