Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է բուժքույր, ով գումարի դիմաց քաղաքացիներին գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման էլեկտրոնային մոդուլում: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:

Պատվաստված քաղաքացիներին ցուցակագրելու համար նույնիսկ անհրաժեշտ չի եղել հիվանդանոց գնալ, բավական է եղել ընդամենը բուժքրոջը վճարել 300 լարի:

Մինչ օրս բացահայտվել է 15 անձ, ովքեր օգտվել են նրա ծառայություններից։ Բուժքրոջ մյուս հաճախորդներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Նախնական տվյալներով՝ նույն հանցավոր եղանակով էլեկտրոնային պատվաստումների կառավարման մոդուլում գրանցվել են ևս տասնյակ անձինք»,- հայտնում են գերատեսչությունից։

Հետաքննությունը շարունակվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կոմերցիոն կաշառքի փաստերի առթիվ (Վրաստանի Քրեական օրենսգրքի 220 և 221 հոդվածներ): Այս հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։