Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացության պիկ է սպասվում աշնանը, – ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։
«Վերջին օրերին Վրաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նկատվում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի զգալի աճ:
Առջևում ամառային զբոսաշրջային սեզոնն է, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի պիկը սպասվում է աշնանը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ցերցվաձեն:
Նրա խոսքերով, եթե նախկինում օրական միջինում 100 նոր դեպք էր գրանցվում, ապա այժմ՝ 600-700 նոր դեպք։
Ցերցվաձեն ընդգծում է, եթե ցանկանում ենք պահպանել կայուն կորոնավիրուսային համաճարակային իրավիճակը, ապա պետք է զգոն լինենք, շարունակենք ակտիվ պատվաստումները՝ ներառյալ խթանող չափաբաժինները, չնայած կանոնակարգերն այլևս չեն պահանջում դիմակ կրել, օգտագործենք դիմակը հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում և մարդաշատ վայրերում:
«Ժամանակին բուժման դեպքում գործնականում երաշխավորված է, որ հիվանդը չի ունենա բարդություններ, և առավել ևս՝ մահ չի լինի։ Մենք բոլորս պետք է սովորենք, ինչպես ապրել և աշխատել ապահով Covid-ի պայմաններում»,- գրում է Ցերցվաձեն։
Հունիսի 27-ից մինչև հուլիսի 3-ը, Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 2 570 նոր դեպք, որը երկու անգամ ավելի շատ է համեմատած նախորդ շաբաթվա հետ: