Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, «Բորջոմի»-ի բաժնետերերի հետ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել։ Նրա խոսքով, պետությունը կդառնա «Բորջոմի» գործարանի համասեփականատերը։
Ինչպես այսօր կառավարության նիստում նշեց վարչապետը, կվերացվեն բոլոր այն խնդիրները, որոնք ունեցել է «Բորջոմի» ընկերությունը աշխատակիցների կառավարման և շահագործման հարցում:
«Ինչպես գիտեք, ես մի քանի շաբաթ առաջ հանրությանը ասել եմ, խոստացել եմ մի քանի շաբաթից հաճելի տեղեկատվություն տրամադրել։ Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր մենք հաջողությամբ ավարտել ենք բանակցությունները «Բորջոմիի» բաժնետերերի հետ, և մեր պետությունը՝ Վրաստանի կառավարությունը, կդառնա «Բորժոմի» գործարանի սեփականատեր խմբի բաժնետեր, և սա անվճար գործարք է։ Մենք անվճար կստանանք բաժնետոմսեր և դրանից հետո մեր պետությունը կդառնա «Բորջոմի» գործարանի, մեր ազգային հարստության, հպարտության համասեփականատերը։ Բոլոր այն խնդիրները, որ ունեցել են «Բորջոմին» և նրա աշխատակիցները, կվերացվեն:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել էկոնոմիկայի և արդարադատության նախարարությանը, որը շատ ակտիվ աշխատեց այս գործարքը հաջողությամբ ավարտելու համար։ Ուստի շնորհավորում եմ «Բորջոմի»-ի յուրաքանչյուր աշխատակցին։ Ես գիտեմ, որ կան տասնյակ աշխատակիցներ, ովքեր կարծում են, որ տեղական ընկերությունն անարդար է վարվել։ 50 աշխատակից կրճատվել է: Այս մասին ես ձեզ անցյալ շաբաթ ասացի, որ հանձնարարել եմ Զուրաբ Ազարաշվիլիին, և Զուրան ակտիվորեն ներգրավված է, այն բանից հետո, երբ պետությունը դառնա ձեռնարկության համասեփականատերը, իհարկե, մենք ավելի ակտիվ կլինենք, կներգրավվենք և կլուծենք բոլոր խնդիրները»,- ասաց վարչապետը։