Այսօր՝ հունիսի 7-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում կեսօրին մոտ տեղատարափ է սկսվել, որը վերածվել է կարկուտի, տեղի բնակիչների հավաստմամբ՝ կարկուտը վնաս է հասցրել, իսկ թե որքան է վնասի չափը՝ դեռ պարզ չէ։
Տարածքը, որտեղ գտնվում է Սուլդա գյուղը, մեկ ժամում սպիտակով է պատվել, կարկուտը, ըստ բնակիչների, մոտ մեկ ժամ է տեղացել: Վերջիններիս խոսքով, վնասվել են բանջարեղենը, բանջարանոցները, պտղատու ծառերը, ինչպես նաև գարին և ցորենը, այս կուլտուրաներն այս տեղանքում մեծ տարածում ունեն։ Սուլդայում հիմնականում աճում է գարի և կարտոֆիլ։ Կարտոֆիլը, ըստ էության, դեռ բավականաչափ չի աճել, որ կարկտահարության հետևանքով վնասվեր:
«Դուրս գալ հնարավոր չէր, ուժգին կարկուտ էր։ Այն մոտ մեկ ժամ տեւեց։ Մենք էլ էինք զարմացած, որ այդքան երկար տևեց։ Կարկուտը միջին չափի էր, ամենայն հավանականությամբ վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, օրինակ, կաղամբը, պտղատու ծառերը, հենց հիմա է դրանց ծաղկման շրջանը։ Դրանք են կեռասը, խնձորը և այլն»,- ասում է գյուղի բնակիչ Էդիկ Թորոյանը։