Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը վերականգնվում է երկրի կենտրոնական բյուջեի միջոցներով, աշխատանքները իրականացնում է ՍՊԸ “Ջավախավտոգզա”-ն, ինչպես նաև ընկերությունը շարունակում է Նինոծմինդայի փողոցների ու գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքները:

Ներկա պահիս ավարտվել են Մեծ Արագյալ գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները: Աշխատանքները իրականացրել է նույն` “Ջավախավտոգզա” ընկերությունը, նախագիծը ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, նախագծի գումարը կազմում էր 454 000 լարի, նախագծի շրջանակներում ասֆալտապատվել է, ավելի քան 1150 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ ճանապարհ:

Ավարտված է ասֆալտապատումը Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցում: Ասֆալտապատվել է ավելի քան 1130 մետր ճանապարհ 10 մետր լայնությամբ, մայթերի հետ մեկտեղ: Հեշտիա գյուղ տանող ճանապարհը նախատեսվում է ասֆալտապատել 1150 մետր երկարությամբ, այդ նախագիծը նույնպես ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից:

2016 թ.-ին Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից Նինոծմինդայի քաղաքապետարանի համար լրացուցիչ հատկացված է 400 000 լարիով, որտեղ նախագծի համաձայն ասֆալտապատվելու են Նինոծմինդա քաղաքի Շահումյան և Էրզրումյան փողոցները: “Ջավախավտոգզա” ընկերությունը արդեն մի քանի օր է սկսել է Էրզրումյան փողոցի վերականգնման աշխատանքները: Նախագիծը նախատեսում է ասֆալտապատել 350 մետր ճանապարհ:

Իսկ Նինոծմինդայի Շահումյան փողոցում նախատեսվում է 480 մետր ճանապարհի ասֆալտապատումը:

Նույն ընկերությունը սեպտեմբերի 5-ից սկսել է Նինոծմինդա-Բավրա ճանապարհի վերականգնողական աշխատանքները: Նախագիծն արժե 1 526 616 լարի: Տենդերին մասնակցում էր միայն մեկ ընկերություն, այդ իսկ պատճառով գինը մնացել է նախնականը: Նախագիծը նախատեսում է վերանորոգել 8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ այն մասերում, որտեղ ճանապարհը վնասված է: Այս աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչ հոկտեմբերի վերջ: