Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը Սակրեբուլոյի հաստատման է ուղարկել Ախալքալաքում խաղային բիզնեսի սակագները։

Ախալքալաքում խաղատների սեփականատերերը պետք է յուրաքանչյուր խաղասեղանի համար վճարեն եռամսյակային կտրվածքով 30 000 լարի հարկ, իսկ յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար՝ 2 000 լարիի չափով։

Յուրաքանչյուր «խրախուսող» խաղարկությունից խաղային բիզնեսի սեփականատերերը պետք է վճարեն մրցանակային ֆոնդի 10%-ը։ Համակարգային-էլեկտրոնային ձևով խաղի համար եռամսյակում պետք է մուծեն 275 000 լարի։ Վաճառված տոմսերի և մրցանակային ֆոնդի տարբերության 10%-ը յուրաքանչյուր վիճակախաղային խաղարկությունից։

Այն խաղատները, որոնք դրսում ունեն տեղադրված խաղային ավտոմատներ, յուրաքանչյուր մեքենայի համար պետք է վճարեն 10 000 լարի հարկ։ Խաղային ակումբը յուրաքանչյուր խաղասեղանի համար պետք է վճարի 7000 լարի։

Վրաստանում խաղային հաստատությունների կարգավորմամբ զբաղվում է Ֆինանսների նախարարության հատուկ մարմինը՝ Եկամուտների ծառայությունը: Նրա հիմնախնդիրներն են արտոնագրերի տրամադրումը և հարկերի հավաքագրումը։

Հավելենք, որ ինչպես Ախալքալաքում, այնպես էլ այլ շրջաններում խաղային բիզնեսի եկամուտներից գանձված հարկերը փոխանցվում են տեղական բյուջե։

Սակագները հաստատվել էին նաև 2017 թվականին։ Այս տարի չնչին փոփոխություններ են կատարվել։