Կիրակի օրը Մեծ Սամսար գյուղի Խեչոյի ձոր կոչվող սրբավայրում, ռուսաստանաբնակ Մասիս Հարությունյանի նախաձեռնությամբ և Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի օրհնությամբ՝ կատարվեց մատաղի օրհնության կարգ և հյուրասիրություն:
Խեչոյի սուրբը հայտնի է աղբյուրով, որը յոթ տարին մեկ անգամ է բխում: Փոքրիկ մատուռը գտնվում է Սամսար լեռան լանջին: Օրը բազմամարդ էր, ուխտի էին եկել ոչ միայն Սամսար գյուղի բնակիչները, այլև Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերից:
«Մեծ հավատ ունեմ, այս սրբատեղին կարծես մեր մոռացված անցյալը լինի։ Մատաղն արել եմ աղաչելով առ Աստված, որպեսզի բոլորին առողջություն տա, գլխավորությամբ մայրիկիս։ Աստված տվել է մեզ մեծ հնարավորություն, որ այսօր այստեղ ենք, ապրում ենք, կանք, թող բոլորը համտեսեն և աղոթեն բոլորի առողջության համար», – Jnews-ի հետ զրույցում ասաց Մասիս Հարությունյանը։
Մասիսը ծնվել է Ջավախքի Մեծ Սամսար գյուղում, հետագայում ընտանիքով տեղափոխվել է Սոչի քաղաք, այնտեղ չմոռանալով հայրենի գյուղի մասին, եղբոր՝ Սասունի հետ վարել են «Սոչի-Սամսար» երթևեկող ավտոբուսը: Երեք տարի շարունակ երթևեկել են դեպի Ջավախք, տեղափոխել մարդկանց, օգնել բոլորին, չունևորներից գումար չեն վերցրել, պատմում են գյուղացիները։
«Վերջին տարիներին համավարակով պայմանավորված կարծես թե մարել էր այս սովորությունը, այսօր Մասիսի նախաձեռնությամբ նորից հավաքվել են բոլորը, սա շատ ողջունելի է» – Jnews-ին ասաց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։
Բոլորին օգնելու մեծ ցանկություն ունեցող Մասիսը, Արցախյան պատերազմին էլ անտարբեր չի եղել, նա իր, եղբոր և ընկերոջ նախաձեռնությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ տեղաշարժվող ռազմական հոսպիտալ է նվիրաբերել Արցախին։
Վարդուհի Կուրղինյան
Կարդացեք նաև՝ Լեգենդ այն աղբյուրի մասին, որը «բխում է 7 տարին մեկ»