Ջավախք աշխարհը հարուստ է տարբեր սրբավայրերով և մատուռներով, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում ինչպես տեղացիների, այնպես էլ այցելուների շրջանում: Այդ վայրերից է «Խեչոյի» սրբատեղին, որը գտնվում է Մեծ Սամսար գյուղի մոտակայքում գտնվող համանուն կիրճում:
Այս վայր տանող ճանապարհը հեշտ չէ: Մեծ Սամսար գյուղը գտնվում է Ախալքալաք քաղաքից 29 կմ հեռավորության վրա, և դրան հասնելու համար հարկավոր է հաղթահարել բավականին բլրոտ, օձագալար ճանապարհ: Արդեն Սամսարի լեռնաշղթայի լեռներում մեքենաները կանգ են առնում, մինչև Սրբատեղի մնացած ճանապարհը պետք է քայլել ոտքով:
Քարքարոտ ճանապարհը, որը երկու կողմից շրջապատված է սարերով, որոնց վրա անասուններն են արածում, աստիճանաբար բարձրանում է դեպի վեր: Այստեղ աճում է վայրի ազնվամորի, մասուր, ինչպես նաև զարմանալիորեն համեղ վայրի արտիճուկ (կանկառ), որի համը տպավորվել է շատ տեղացիների մոտ:
Սամսարի բնակիչները և այլ ականատեսներ պատմում են, որ «Խեչո» սրբավայրը ամոքիչ է: Այստեղ շատ ուխտավորներ են գալիս, բայց ամենից հաճախ այստեղ գալիս են հղիանալ չկարողացող կանայք, ովքեր ուխտագնացությունից հետո զգում են մայրության բերկրանքը: Այնուամենայնիվ, եղել են «հրաշք» հանդիսացող այլ դեպքեր ևս, որոնք տեղի են ունեցել սրբավայրի շնորհիվ:
«Եթե հավատանք իմ քրոջը, երբ ես փոքր էի, ես երկար ժամանակ ոտքի չէի կարողանում կանգնել, չէի քայլում: Մորս խնդրանքով նա ինձ տարել է այդ սրբավայր, և ըստ նրա պատմածի, ես հանկարծ այնտեղ կանգնել եմ և արել իմ առաջին քայլերը», – պատմում է Վաչագան Ռստակյանը՝ Մեծ Սամսարցի պատմաբանը:
«Խեչո» սրբավայրը հետաքրքիր է նրանով, որ, ըստ ավանդության՝ ամեն 7 տարին մեկ այստեղ սկսկում է գետնից ջուր բխել: Ինչպես ասում է Վաչագան Ռստակյանը, 7 թիվը կարող է պայմանական լինել: Հնարավոր է, որ բնական պայմաններից կախված, ջուրը վեր բարձրանա մի քանի տարին մեկ անգամ, և ժողովրդի շրջանում դեռ կան հավատություններ, որ դա տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ: Այս տարի, երբ Jnews-ն այցելել էր սրբավայր, այնտեղ ջուր չկար:
«Սրբավայրը գտնվում է Մեծ Սամսար գյուղից 3 կմ հեռավորության վրա, Տուշի ճամփա կոչվող վայրում, որը կրում է Խեչո անունը: Ամենայն հավանականությամբ, այս Խաչոն գյուղի վաղ ժամանակների բնակիչներից էր, որի տեսիլքի հիման վրա էլ հիմնվել այս հնագույն սրբավայրը: Հետո այնտեղից աղբյուր էր բխել: Շատ հնարավոր է, որ սկզբից աղբյուրն է եղել, հետո միայն՝ սրբավայրը», – պատմում է Վաչագանը:
Սկզբում, այս վայրում մի քանի անմշակ քար է եղել՝ պարսպի տեսքով, իսկ հետո՝ մոտավորապես անցյալ դարի կեսերին, Մեծ Սամսար գյուղի բնակիչ Գրիգոր Բարսեղյանը կառուցել է այս փոքրիկ մատուռը: Աղբյուրից հոսող ջուրը շատ սառն է` ավելի սառը, քան աղբյուրների ջրի միջին ջերմաստիճանը: Ըստ Վաչագանի՝ ջուրը կարող է հայտնվել, երբ ստորգետնյա ջրամբարները լցվում են ձնհալի կամ այլ հանգամանքներից առաջացած ջրերով:
Մատուռում կախված են բազմաթիվ կտորներ, որոնք ուխտավորները կապում են՝ պահելով երազանքներ: Մարդիկ գալիս են այստեղ այն հույսով, որ իրենց ամենաանկեղծ աղոթքները տեղ կհասնեն:
Ամալյա Բաբայան