Օգոստոսի 27-ին Ջիվանու հայրենի գյուղ՝ Կարծախում նշվեց մեծանուն աշուղ Ջիվանու 170 ամյակը, զուգահեռ բացվեց Ջիվանու տուն-թանգարանը:

Թանգարանի վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր անցյալ տարի ՋԱՀ-ի կողմից։

Jivani

Օրը սկսվեց Սուրբ Պատարագով, որը մատուցվեց տեղի Սբ.Կարապետ եկեղեցում։ Պատարագից անմիջապես հետո հյուրերը ծաղիկներ դրեցին գյուղամիջում տեղադրված Ջիվանու հուշարձանին և շարժվեցին տուն-թանգարան, որտեղ տեղի ունեցավ թանգարանի բացման արարողությունը։

Karcax2

Գյուղը սովորականից մարդաշատ էր, հատկապես այն հատվածը որտեղ գտնվում է նորակառույց թանգարանը։ Այդ փոքր անկյունը կարծես գյուղում ամփոփված քաղաք լիներ իր քաղաքացի հյուրերով հանդերձ։ Կարծախցիները վստահեցնելով, որ այդ տունը աշուղի տունը չէ, մատնացույց են անում Ջիվանու իսկական տունը։

«Այս տունը՝ Ջիվանու տունը չէ, սովորական անասնագոմ է։ Եթե ասեն թանգարան ավելի ճիշտ կլինի, որովհետև տունը, որտեղ ծնվել և ապրել է աշուղը՝ սա չէ։ Ճիշտ չէ, թողած իրական տունը, ուրիշ տուն վերագրել նրան, այսպես կաղավաղվի պատմությունը»,- մեզ հետ զրույցում ասաց 75 ամյա կարծախցի այցելուն, ով չցանկացավ ներկայանալ։

«Թանգարանը ստեղծվել է շատ հետաքրքիր հանգամանքներում, քանի-որ ինչպես պարզվեց աշուղ Ջիվանուց մնացել է ամենակարևորը՝ նրա տունը, որտեղ նա ծնվել է և որտեղ մենք գտնվում ենք այս պահին, բայց ցավոք չի պահպանվել նրա անձնական իրերից շատ ու շատ նմուշներ որոնք սովորաբար դառնում են թանգարանի ցուցանմուշ և մեզ թվաց, որ այս թանգարանում պետք է խտանա նրա ոգին, այսինքն նրա ձեռագրերը և նրա գործունեությունը վկայող հետաքրքիր պատմություններ», – ասաց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակաի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտքարտուղար Հասմիկ Հարությունյանը։

karcax9

Արդեն գործող տուն-թանգարանը կունենա մշտական աշխատող, ով այցելուներին կծանոթացնի Աշուղի ստեղծագործական կյանքին ամենայն մանրամասնությամբ։
«Անցած տարվա մեկնարկից հետո կարողացանք հիմնադրել այս հոյակերտ թանգարանը, որը մեր նորօրյա պատմության մեջ խիստ կարևոր է, և կարելի է ասել, այսօր մենք մասնակից և վկա ենք պատմական միջոցառման, որը ոչ միայն Ջավախքի այլ նաև հայ ժողովրդի կյանքում կարևոր է»,- ասաց Ջավախքին աջակցություն հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը։

Karcax3

Երբ արդեն թանգարանը պաշտոնապես բացվել էր, օծման արարողությունը նույնպես ավարտվել, բոլոր ներկաները բարձրացան գյուղամերձ տարածքում գտնվող բարձունք, որտեղ օրը շարունակվեց քեֆ-ուրախությամբ։

Karcax6

Karcax8

Ջիվանու 170 ամյակին նվիրված միջոցառմանը հյուրեր էին եկել Հայաստանից, Վրաստանից և Ջավախքի տարբեր շրջաններից։ Պատվավոր հյուրերից ներկա էր նաև աշուղ Լեյլին, ով աշուղ Ալիքի հետ մրցեց՝ իհարկե երգելով, ինչպես նախկինում էին մրցում աշուղները, սակայն այս մրցույթում հաղթեց աշուղ Ջիվանու հանդեպ մեծ սերն ու հարգանքը։ Պարային և երաժշտական համարներով հանդես եկան տեղական համույթները և անհատ կատարողներ։

Karcax15
Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ողջունելով ներկաներին տեղեկացրեց, որ թանգարանի աշխատանքները դեռ չեն վերջացել և այն կունենա շարունակական բնույթ։
«Մեկ տարվա ընթացքում մենք վերանորոգեցինք ցուցասրահը, մենք պլանավորել էինք ամբողջը վերջացնել, այսինքն այն հատվածը ևս, որտեղ ծնվել է Ջիվանին, բայց թանգարանագետների խորհրդով առաջին տարում կենտրոնացանք ցուցասրահի վերանորոգման վրա, այնուհետև կվերանորոգենք մնացած հատվածերը»,- ասաց Աշոտ Հակոբյանը։

Հյուրերը հեռանում էին գյուղից բարձր տրամադրությամբ և որպես հրաժեշտ խմում էին գյուղի սկզբում գտնվող սառնորակ աղբյուրի ջուրը՝ հիշելով Ջիվանու երգի բառերը։
karcax11

Ջուլիետա Տոնականյան