Քաղաքացիական լրագրության բաժնում ներկայացնում ենք Արթուր Մոսոյանի նյութը Օլիմպիական խաղերում հայ մարզիկների արդյունքների մասին: Հեղինակի ուսումնասիրությունը կատարվել է Օլիմպիական խաղերի առաջին 7 օրվա ընթացքում:

Քառամյակի գլխավոր սպորտային իրադարձության մեկնարկից արդեն անցել է մեկ շաբաթ: Ամբողջ աշխարհն էր սպասում Ռիո դե Ժանեյրոում մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերին: Պատահական չի, որ խաղերի բացման արարողությունը ամբողջ աշխարհում դիտել է 3 մլրդ մարդ: Բրազիլիայում կայացող օլիմպիական խաղերին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը, որի կազմում կա ռեկորդային 33 մարզիկ: Օլիմպիական խաղերի բացումից 7 օր անց իրենց ելույթները սկսել են 13 մարզիկ: Այսօր ձեզ եմ ներկայացնում Ռիոյում հայ մարզիկների գրանցած արդյունքների համառոտ նկարագրությունը:

ՓՈՐՁ ՀԱՋՈՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի հավաքականում շատ են երիտասարդ մարզիկ/մարզուհիները որոնք ունեն փորձի պակաս: 24-ամյա Արթուր Դավթյանը, 20-ամյա Արթուր Հովհաննիսյանն ու Հրաչ Բաբայանը, 19-ամյա Վահան Մխիթարյանը մասնակցում էին իրենց առաջին օլիմպիադային և դժվար թե ինչ որ լուրջ արդյունքների հասնեին և այդպես էլ եղավ, նրանք պայքարը թողեցին հենց առաջին փուլից: Փորձի պակաս, անինքնավստահություն, հուզմունք, սրանք կարևոր պայմաններ են որոնք մարզիկին խանգարում են հաջողության հասնելու: Այդ ամենը ձեռք է բերվում կարևոր մրցաշարերի մասնակցելու շնորհիվ և ես վստահ եմ որ արդեն հաջորդ՝ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին այս մարզիկները կպայքարեն մեդալների համար:

ՄԵԴԱԼԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Harutyun Merdinyan
Մենք ունեցանք ոչ միայն պարտություններ, այլ նաև հաղթանակներ այս 7 օրերի ընթացքում: Այդ հաղթանակներից ամենանշանակալին մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի եզրափակիչ դուրս գալն էր: Հարությունը օգոստոսի 14-ին Ռիոյում պայքարելու է ոսկու համար: Բացի Հարությունից հաջորդ փուլ են անցել նաև բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը, ովքեր ցույց տալով բարձր կամային հատկանիշներ անցան 1/8 եզրափակիչ: Իսկ Հովհաննեսը հենց առաջին ռաունդում ենթարկվեց նոկդաունի, բայց կարողացավ իր մեջ ուժ գտնել, պայքարել ու հասնել արդյունքի:

ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՒՄ

Մարդ, ով կարողացավ ավտովթարից հետո վերադառնալ մեծ սպորտ: Մարդ, ով ծանր վնասվածքներից ու մայրանալուց հետո, ով անցնելով այդ ամենի միջով, վերադարձել է մեծ սպորտ, գյումրեցի Նազիկ Ավդալյանն է: Տեսնելով, թե ինչպես էր Նազիկը պայքարում ծանրաձողի հետ, մտածում ես որ նա օժտված է մի անմարդկային ուժով, որի շնորհիվ էլ իր գլխավերևում պահեց 135 կիլոգրամը: Նազիկը օլիմպիական խաղերում գրավեց 5-րդ տեղը:

Մեր մյուս մարզուհին՝ Հուռի Գեբեշյանը մասնակցելով օլիմպական խաղերին, պատմության մեջ մտավ որպես առաջին հայ մարմնամարզուհի, ով ներկայացրել է Հայաստանը օլիմպիական խաղերում: Նրան հաջողվեց նաև մտնել համաշխարհային մարմնամարզության պատմության մեջ, կատարելով մի նոր հնարք, որը հետագայում անվանեցին «Գեբեշյանի հնարք»:

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՑԱՎՆ ԷԼ ԶԳԱՑԻՆՔ

Սարսափելի վնասվածք, որը մեզ զրկեց մեդալից: Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը հիանալի կատարելով պոկում վարժությունը զբաղեցնում էր 2-րդ տեղը, սակայն հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Անդրանիկը ստացավ շատ ցավալի վնասվածք և թողեց պայքարը: Անդրանիկը շատ տաղանդավոր և երիտասարդ ծանրորդ է:

https://www.youtube.com/watch?v=TBpaQsuM4cM

Մեր մյուս մարզիկը ով վնասվածք ստացավ, նույնպես պայքարում էր մեդալների համար: Նա բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն էր, ով հրաշալի հաղթահարեց 1/16 եզրափակչի արգելքը և 1/8 եզրափակչում մենամարտում էր Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասի հետ: Մենամարտի սկիզբը ցույց տվեց, որ Վլադիմիրը կարող է ցույց տալ արժանի պայքար և նույնիսկ հաղթահարել այդ փուլի արգելքը, սակայն առաջին ռաունդի վերջին րոպեներին ստացավ վնասվածք և բժիշկները արգելեցին նրան շարունակել մարտը:

ՈՉԻՆՉ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԷԼ ԿՈՒՆԵՆԱՆՔ

Ռիո մեկնած մեր մարզիկներից մի քանիսը, ովքեր դեռ չեն մեկնարկել, ֆավորիտներ են իրենց մարզաձևերում: Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Միհրան Հարությունյան, մարզիկներ, ովքեր պատրաստ են Ռիոյում բարձր պահելու մեր դրոշը և մեզ պարգևելու անհավանական զգացողություններ:

Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին

Արթուր Մոսոյան