Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
«ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը Վրաստանի վարչապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Երկուստեք բարձր է գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների ընթացքը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչի համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում անվտանգային խնդիրների լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման վերաբերյալ:
Քննարկվել են տարածաշրջանային տնտեսական և հումանիտար հարցերում Վրաստանի միջնորդության հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա՝ ինչի շրջանակներում կիսվել են իրենց երկրների մարտահրավերների կառավարման փորձով»,- ասված է հաղորդագրության մեջ: