Մեծ Խորենիայի բնակիչները հոգնել են պայքարելուց, արդյունքում ավազով բեռնված բեռնատարները կրկին երթևեկում են գյուղամիջով, դնելով գյուղը շրջանին կապող միակ կամուրջը փլման վտանգի տակ:

Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղի բնակիչները ակտիվ պայքարում էին, որ իրենց գյուղի կամուրջի վրայով չերթևեկեն ավազով բեռնված բեռնատարները, սակայն այսօր կարծես «անտարբերությամբ» են հետևում բեռնատարների երթևեկությանը:

«Ինչ անենք, էլ ուժ չունենք պայքարելու, մեր յուրաքանչյուր գործողություն ընկալվում է որպես օրենքի խախտում: Օդից գործեր են բացում մեր գյուղացիների դեմ: Դատ արեցին 1300 լարի տուգանք գրեցին, գյուղով հավաքեցինք մուծեցինք: Ինչքա՞ն կարելի է տուգանքներով, ժամանակ ձգելով հարց լուծել: Ոչ-ոք մեր մասին չի մտածում, շրջանի ամենաանտեսված գյուղն ենք: Մենք մեր իրավունքների համար պայքարում ենք, իսկ մեզ վախեցնելու համար տուգանում են»,- ասաց գյուղացիներից մեկը (Մարդկանց անուն ազգանունները չենք ներկայացնում իրենց խնդրանքով):

Մեր այցի ժամանակ ևս բեռնատարներն առանց որևէ խոչընդոտի երթևեկում էին գյուղամիջով, մարդկանց տեսադաշտը փակելով անթափանց փոշու մեջ:

«Տեսեք արդեն քանի անգամ է գնում գալիս են: Այնպիսի արագությամբ են ավազը տանում դատարկում հետ գալիս, կարծես թե աշխարհի վերջն է: Գուբերնիայից մեզ գրություն եկավ, որ բեռնատարները պետք է տարանցիկ ճանապարհով երթևեկեն: Բայց էս մարդկանց հեչ վեճը չի, կարծես իրենց չի վերաբերում, մինչև գիշերվա ժամը 11-ը ավազ են կրում»,- ասաց Մեծ Խորենիա գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղացիները իրենց բողոքը հասցրել էին Նահանգապետարան, որը հետաքրքրվել էր խնդրով և տեղական իշխանությանն էր կարգադրել լուծումը:

Մեր հարցին, թե ինչ լուծում ստացավ Մեծ Խորենիայի խնդիրը, Ախալքալաքի շրջանի Վարչության նախագահն ասաց, որ դեռ ոչ մի փոփոխություն չկա:

Մեծ Խորենիա գյուղի մասնագետ Արկադի Ֆիդանյանի խոսքով Սամցխե-Ջավախքի նահանգապետարանից գրություն է եկել և Ախալքալաքի վարչությանը, և Նինոծմինդայի վարչությանը, և Խորենիա գյուղի բնակիչներին, ըստ որի ավազահանքը շահագործողները իրավունք չունեն գյուղամիջով երթևեկելու, եթե իրականում կա տարանցիկ ճանապարհ, ուրեմն այդ ճանապարհով պետք է երթևեկեն:

Նշենք, որ Մեծ Խորենիա գյուղի բնակիչները դեմ են, որ իրենց գյուղի կամուրջի վրայով երթևեկեն ավազով բեռնված բեռնատարները, քանի որ վախենում են, որ գյուղը շրջանին կապող կամուրջը կփլվի և իրենք կհայտնվեն շրջափակման մեջ: Թորիա գյուղի մոտ գտնվող ավազահանքը Վրաստանի կառավարությունը ժամանակավոր սեփականության է հանձնել Հարություն (Միշա) Խաչատրյանին: Վերջինս մինչև սեպտեմբեր ամիս հանքը շահագործելու իրավունք ունի: Արդեն 7 տարի է Հարություն Խաչատրյանը շահագործում է ավազահանքը: Սկզբից հինգ տարով է իրավունք ստացել հանքը շահագործելու, այնուհետև՝ երկու:

Հիշեցնենք, որ jnews.ge լրատվականն այս խնդրին անդրադարձել էր մոտ երկու ամիս առաջ:

Աղունիկ Այվազյան