Սուլդա գյուղում տարիներ շարունակ չկա խմելու ջուր։ Խնդիրը փորձում են լուծել, սակայն՝ ապարդյուն։ Գյուղացիները խմելու ջուրը հարևան գյուղերից են բերում, իսկ մնացած հոգսերի համար օգտագործում են ձնհալի ջուրը։
Սուլդայի ամենատարեց բնակիչը նույնիսկ չի հիշում այնպիսի մի օր, որ գյուղում ջրի խնդիր չլիներ, կամ գոնե որոշ ժամանակ խնդիրը լուծված լիներ։ Ողջ ձմեռը սուլդացիների ծորակներից մի կաթիլ ջուր չի հոսել, իսկ արդեն գարնանը օրը մի երկու ժամով ջուր են ունենում, այն էլ կեղտոտված է, խմելու համար պիտանի չէ։
Բնակիչները այդ ջուրը հավաքում են, որպեսզի այլ գործերի համար օգտագործեն, իսկ ճաշ պատրաստելու և խմելու ջուրը Վաչիանից կամ հարևան այլ գյուղերից են բերում։
Գյուղում կա 185 տուն, և բոլորը խոսում են միայն ջուր և գազ չունենալու մասին։
«Հիմա գալիս է մեր նախկինում քաշած ջուրը, հասնում է մեր գյուղ Կաթնատու գյուղից։ Հիմա հալվել է, գալիս է երկու օրը մեկ, կամ օրվա ընթացքում մի քանի ժամ, առավոտյան ժամը 08։00-ից 09։00-ը բացում են, իսկ ժամը 12։00-ին փակում են։ Ջուրը լցվում է ավազանի մեջ, դրանից հետո բացում են, մի օր մի թաղում, հաջորդ օրը մյուս թաղում և այդպես շարունակ։ Այդ ջուրը չի բավականացնում ողջ գյուղին։ Ես այս գյուղից եմ, 56 տարեկան եմ, և երբեք մեր գյուղում ջուր չի եղել, այդ խնդիրը միշտ կա», – ասում է Սուլդայի բնակիչ Մարինա Վարդիկյանը։
Մարինան ասում է, որ ջուրը օգտագործում են խնայելով, որ չվերջանա, սպասում են, որ ջուրը գա հետո լվացք անեն։
«Երկու երեխա կա տունը, շատ դժվար է հարմարվել, մի կերպ յոլա ենք գնում։ Մեծ պլաստմասե ցիստեր ենք գնել և հենց ջուրը տալիս են, այդ ցիստերով ջրի պաշար ենք վերցնում, պոմպ ենք առել, մենք մեզ համար միջոց ենք ստեղծել, որ կարողանանք լվացքի մեքենա օգտագործել։ Իսկ ձմռանը երկու ամիս ընդհանրապես ջուր չենք ունեցել, իսկ լվացքի համար ձյուն էինք հալում», — ավելացնում է նա։
Սուլդայում ջուրը օրը մի քանի ժամ բնակիչներին հասել է ապրիլ ամսից։ Իսկ բնական սարի ջուրը դեռ չի հասնում գյուղ, պատճառը՝ չգիտեն։
«Ես դեռ չեմ տեսել, որ ինչ որ մեկը եկել հետաքրքվել է, բարձրացել է սար, ուրշից էլ չեմ իմացել, որ եկել են։ Եթե գործը նորմալ անեին, ժամանակին, ապա ջուրը կհոսեր», – ասում է Սուլդայի բնակիչ Մասիս Վարդիկյանը։
Գյուղի 70-ամյա բնակչուհի Աստղիկ Հովանեսյանը Վաչիանից հարս է եկել Սուլդա, եկած օրվանից գյուղում ջուր չի եղել, մինչև հիմա ինքն է ջուրը աղբյուրից տուն հասցնում, սակայն այլևս առողջությունը չի ներում։
«Իմ երեխաները Ռուսաստանում են ապրում, ես մենակ եմ, ինչպես պետք է գնամ և ջուր բերեմ, առողջություն չունեմ, ձեռքերս և ոտքերս ցավում են», – ասում է նա:
Իսկ գյուղի լիազոր Զարզանդ Կուջոյանը ասում է, որ խնդրի մասին ոչ ոք չի մոռացել, և Հարության տոներից հետո սար կբարձրանան և կնայեն, թե որն է պատճառը, որ ջուրը գյուղ չի հասնում:
«Սպասում ենք, որ Հարության տոները անցնեն, որ աշխատենք այդ ուղղությամբ։ Մենք արդեն քաղաքապետարանի կողմից թույլտվություն ունենք, որ գնանք տեսնենք, թե ինչ է կատարվում և համապատասխան աշխատանքներ կատարենք», – ասաց գյուղի լիազորը։
Սուլդայում զբաղվում են հողագործությամբ, սակայն հիմնականը՝ անասնապահությունն է։ Անասուններին ջրելու համար գյուղում լիճ կա, որտեղից ջուրը հասնում է գյուղ և հենց այդտեղից են ջուր խմում անասունները։
Գյուղացիներին միակ ուրախացնող բանը՝ 1-2 տարի առաջ բացված մանկապարտեզն է, սակայն այդտեղ նույնպես ջրի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում։ Մանկապարտեզ հաճախում է 70 երեխա, և ծնողները ամեն օր ջուր են տանում, որպեսզի գոնե մանկապարտեզը նորմալ գործի։
«Մեծ ամաններով, ցիստերներով ջուր ենք հասցնում մանկապարտեզ, հերթի են բաժանել, որ օրը մի ծնող ջուր տանի, եղել են այնպիսի ծնողներ, որ մեքենա չունեն, ցիստեր չունեն, 30 լարի տվել են ուրիշին, որպեսզի ուրիշները Վաչիանից ջուր բերեն», – ասում գյուղի բնակիչ Երազիկ Նաչարյանը։
Սուլդացիները չնայած հոգնել են, սակայն հույս ունեն, որ մի օր նրանք ջրի խնդիր չեն ունենա…