Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերից մեկում՝ Բալխոյում, 82-ամյա կինը բժշկական օգնության կարիք ունի, սակայն մեկուկես մետր խորությամբ ձնակույտի պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել նրա տուն։
Jnews-ի խմբագրություն դիմեցին Բալխո գյուղից, որը, ինչպես և որոշ գյուղեր, ուժեղ քամու և ձյան պատճառով մեկուսացված են մնացել։
Բալխոյի 82-ամյա բնակչուհի Յարեմա Սարգսյանը կոտրել է ոտքը, տեղում գտնվող բուժքույրը նրան ցավազրկող է տալիս, բայց նա այլևս ոչնչով չի կարող օգնել։ Արդեն երրորդ օրն է, ինչ նրանք սպասում են շտապօգնությանը՝ տարեց կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն շտապօգնությունը չի կարողանում տեղ հասնել՝ ճանապարհները փակ լինելու պատճառով։ Բնակիչների խոսքով, գյուղը սեփական տրակտոր չունի, որպեսզի իրենք ինչ-որ կերպ ճանապարհը բացեն։
«Մեր գյուղ տանող ճանապարհը փակ է, ոչ մի տեղից չես կարող գնալ, ամեն տեղ փակ է։ Եվ կոնկրետ փակ է հենց մեր տան դիմացը։ Եթե նույնիսկ շտապօգնության մեքենան էլ գյուղ հասնի, մեր տուն չեն կարողանա հասնել։ Այն պետք է ամբողջությամբ մաքրել, որպեսզի նրան կարողանան հասցնել Ախալքալաք։ Մենք զանգել ենք 112, ասացին՝ սպասեք։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը երեկ հասել էր Զակ գյուղ և շտապօգնության մեքենայի հետ միասին ետ վերադարձել։ Նրանք չէին կարողացել առաջ շարժվել: Այսօր ճանապարհը նոր են սկսել մաքրել Արագվա գյուղից դեպի Զակ, հետո՝ Բուղաշենը, հետո միայն Բալխոն, սակայն ճանապարհին մաքրող մեքենան փչացել է»,- ասվում է գյուղի բնակչի հաղորդագրության մեջ։
Բալխոյում օգնության են սպասում: Այս իրավիճակն է տիրում շրջանի շատ այլ հեռավոր գյուղերում ևս։