Փոքր Սամսար գյուղը հայտնվել է ձյան գերութան մեջ: Գյուղի 4-5 տան բնակիչներ հայտնվել են ձնակույտի տակ, մեկ օր ապրել են ձյան մեջ, այսօր գյուղի երիտասարդները հավաքվել ու հերթով բահերով փորել են տների մուտքեր տանող ճանապարհները։
Փոքր Սամսարում նման բան չեն հիշում։ Ճիշտ է, գյուղում առատ ձյունն ու փակ ճանապարհները նորություն չեն, բայց բնակիչները չեն հիշում, որ իրենք հայտնվեին ձյան գերության մեջ։

Վատ եղանակը գյուղում սկսվել էր ուրբաթ երեկոյան, քամի էր բարձրացել, որը վնասել էր էլեկտրական սյուներն ու լարերը, գյուղն առանց էլեկտրականության էր մնացել հենց այդ օրվանից և մինչ օրս «Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերության տեխնիկական խումբը չի կարողանում հասնել վթարի վայր՝ այն վերացնելու և էներգամատակարարումը վերականգնելու։

1

Բազմաթիվ բնակիչներ հեռացել են գյուղից, սակայն 72 ընտանիք մնացել ու ապրում է այստեղ։ Այստեղից 5 ընտանիքի տները հայտնվել են ձյան տակ։ Շրջանում մոլեգնող ուժեղ քամին մոտակա սարերից ձյունը քշել է և ձնակույտը հավաքել այս գյուղում։

3

Այսօր առավոտյան, երբ ուժգին քամին վերջապես դադարեց, գյուղի երիտասարդները հավաքվեցին ու սկսեցին բնակիչներին դուրս բերել ձյան գերությունից։ Տների ճակատային մասերը հաջողվել է բացել, որպեսզի մարդիկ կարողանան դուրս ու ներս անել։ Սակայն տեղ-տեղ տեխնիկան դեռ ձյան տակ է մնում, քանի որ այն չափազանց խորն է թաղված ձնակույտի մեջ։

4

Կիրակի գիշերը սարսափելի էր սամսարցիների համար։ Նախ՝ հարսանիքից վերադարձող բնակիչները ստիպված են եղել իրենց մեքենաները թողնել ճանապարհին և ոտքով հասնել տուն, որպեսզի ձնաբքի հետևանքով չխեղդվեն։ Այս մեքենաները դեռ ձյան տակ են մնում, այսօր փորձում են դուրս հանել դրանք ձյան տակից։

Բայց այս լեռնային գյուղի բնակիչների փորձանքները դրանով չավարտվեցին: Կիրակի գիշերը, երբ դրսում մոլեգնում էր քամին, սկսվել է գյուղի բնակչուհու ծննդաբերությունը։ Իսկ գյուղում բժիշկ կամ բուժքույր չկա, բուժքույրի գծով սովորող երիտասարդ կինը փորձ չուներ: Շտապօգնությունն ու փրկարարները չէին կարողացել հասնել գյուղ՝ մնալով ճանապարհին։ Ի վերջո, ծննդաբերող կնոջը տրակտորով են դուրս բերել գյուղից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը նրան տեղափոխել է հիվանդանոց։ Երեխան ծնվել է, և նրա ու մոր մոտ ամեն ինչ կարգին է։

5

Հարցին, թե ինչպիսի զգացողություն է ձյան տակ ապրելը՝ առանց լույսի, գյուղացիները պատասխանում են.

«Եթե ընտանիքում չկան մարդիկ, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն, ապա կարելի է դիմանալ, բայց երբ կա խնդիր, դա անտանելի է»։