ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն, փոխզիջման որոշակի հույս կա։ Այդ մասին նա ասել է ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես հիմնվում եմ այն գնահատականների վրա, որոնք տալիս են մեր բանակցողները։ Նրանք հաստատում են, որ բանակցությունները հեշտ չեն ընթանում, հասկանալի պատճառներով։ Այնուամենայնիվ, փոխզիջման հասնելու որոշակի հույս կա», – ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովը նաև կոչ է արել հնարավորություն տալ բանակցողներին աշխատել առավել հանգիստ պայմաններում՝ «առանց հերթական հիստերիայի»։
Մեկնաբանելով ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումը՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Կուլեբան Թուրքիայում կայացած հանդիպմանը «ոչ մի նոր գաղափար առաջ չի քաշել»։
Նախարարը նշել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկվում է բանակցություններում «անվտանգության երաշխիքների մասին ՌԴ պահանջների հետ փոխկապակցված»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցություններում «ավելի իրատեսական են դարձել»։