Ախալքալաքի մունիցիպալիտետում բարձրացել է մունիցիպալ սեփականություն համարվող, ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գինը։ Արդյունքում նախկին 1,8 լարիի փոխարեն 1 քառ/մ հողն այժմ արժե 2,88 լարի։ Սակրեբուլոն այսօր հաստատեց համապատասխան նորմատիվ ակտը։

Ամեն տարի, Վրաստանում, մունիցիպալիտետները, ելնելով իրենց շուկայական գներից, Վրաստանի նախագահի հրամանագրով հաստատում են իրենց մունիցիպալիտետի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գները։

Ախալքալաք քաղաքում հողի արժեքի դիմաց նորմատիվ գինը 1,80 լարիից դարձել է 2,88 լարի։ Գյուղերում ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի գինը տարբեր կերպ է որոշվում, այն կազմում է քաղաքի գնի 50%-ը, համապատասխանաբար՝ 1,44 լարի։ Գյուղերում կան հողատարածքներ, որոնք արժեն քաղաքի արժեքի 25%-ը։ Իսկ պետական մայրուղիներից 50 մ հեռավորությամբ գտնվող հողատարածքն արժե քաղաքի հողի արժեքի 70%-ը։

Նորմատիվ գինը, որն այսօր հաստատվեց Սակրեբուլոյի կողմից, օրինականացման գինն է, այն տարբերվում է հողի վաճառքի գնից։ Վաճառելիս այս գնին գումարվում է աուդիտի կողմից որոշված գինը, որը կարող է նույնիսկ 10 անգամ գերազանցել նորմատիվ գինը։

Ըստ քաղաքապետարանի տվյալների, որոնք հնչեցին Սակրեբուլոյի նիստում, 2018 թվականին ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի օրինականացումից Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջե մուտք է եղել 2297 լարի, 2019 թվականին՝ 8160 լարի, 2020 թվականին՝ 5606 լարի, իսկ 2021 թվականին՝ 2645 լարի: