Սևծովյան նավահանգիստների, քաղաքացիական նավերի և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վրա նոր հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում, հայտարարել է ՄԱԿ-ի քաղաքական և խաղաղաշինության հարցերով դեպարտամենտի տնօրեն Կայոկո Գոտոն։
Վերջինիս խոսքով՝ Օդեսայի, Չերնոմորսկի, Պիվդեննոյեի, Իզմայիլի և Նիկոլաևի նավահանգիստներն անընդհատ հարձակումների են ենթարկվում։
Ինչպես նշել է Կայոկո Գոտոն, նման հարվածներից մեկը՝ Օդեսայի ափերի մոտ հացահատիկ տեղափոխող Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի վրա հրթիռային հարձակումը, խլել է 10 մարդու կյանք։ Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավի վրա հարձակումը խլել է հինգ մարդու կյանք, ևս տասը՝ վիրավորել։ Ավելին, առկա տվյալների համաձայն, այս ամիս Ազովի ծովում հարձակման է ենթարկվել ավելի քան 100 նավ, ինչը խաթարել է ծովային երթևեկությունը։
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) տվյալները վկայակոչելով՝ նա նշել է, որ ցորենի գները հուլիսի սկզբից ի վեր աճել են 20%-ով՝ հասնելով 2024 թվականի մարտից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Կայոկո Գոտոն ընդգծել է, որ խաղաղ բնակիչների, ենթակառուցվածքների և միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն անօրինական են։ Նա կոչ է արել կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, վերսկսել երկխոսությունը և մասնակցել ներառական բանակցություններին՝ անհապաղ, ամբողջական և անվերապահ հրադադարի հասնելու նպատակով։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել այդ ջանքերին։



