«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արդիականացման ծրագրի կարևոր մաս կազմող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ճանապարհի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը ակտիվ փուլում է և կավարտվի մինչև 2024 թվականը։ Այս մասին «Forbes Georgia»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։
Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհից՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց հատվածը՝ Կոբի-Գուդաուրին, որը ձմռանը ձնահոսքի վտանգի պատճառով հաճախ փակ է լինում։ Խաչաձև լեռնանցքի տակով փորվող թունելը (Ծկղերե գյուղից Կոբի գյուղ) ամենաբարդ ինժեներական կառույցն է այս հատվածի: Դրա շինարարությունը վստահվել է չինական «China Railway 23rd Bureau Group Co»-ին:
«Վրաստան է առաքվել թունելային հորատման սարք, որը հատուկ պատրաստված է այս ծրագրի համար։ Այսօր նրանք հաջողությամբ կառուցում են տարածաշրջանի համար աննախադեպ չափերի թունել։ Ցավոք, վրացական ընկերություններն այս փուլում չունեն ռեսուրսներ և փորձ՝ նմանատիպ մասշտաբի նախագծեր իրականացնելու և կառավարելու համար»,- ասել է Ծերեթելին։
Արդեն անցկացվել է թունելի երկու կիլոմետրանոց հատվածը, ինչպես նաև տարհանող թունելի 2,2 կիլոմետրը։
Ծերեթելիի խոսքով, 2020-2021 թվականներին բացվել է Արևելք-Արևմուտք միջազգային ավտոմայրուղու 70 կիլոմետր երկարությունը, այդ թվում՝ Քութայիսիի շրջանցիկ ճանապարհի 41 կմ-ը, Ջափանա-Լանչխութի 18 կիլոմետրանոց հատվածը, նաև Խաշուրի շրջանցիկ տանող ճանապարհի 13 կիլոմետրանոց հատվածը: Բոլոր դեպքերում աշխատանքների մեծ մասն իրականացվել է տեղական ընկերությունների կողմից։
«Ընդհանուր առմամբ, 2020-2021 թվականներին մենք 265 պայմանագիր ենք կնքել 142 ընկերությունների հետ, որից ավելի քան 1,2 միլիարդը ներդրվել է, և այն [գումարը] ծախսվել է բացառապես ներքին և միջազգային նշանակության ճանապարհների վերականգնման և վերանորոգման վրա»,- ասել է Ծերեթելին։