Հյուրերը Լատվիայից և Վրաստանի տարբեր տարածաշրջաններից, ինչպես նաև տեղացի ուղղափառները Նինոծմինդայի Փոկա գյուղից մինչ Մցխեթա ոտքով անցան 42 օրվա ընթացքում, սրանք այն ուխտավորներն են, ովքեր անցնում են Սուրբ Նինոյի անցած ճանապարհով:
Հուլիսի 12-ին ուխտավորները ոտքով, խաչերը ձեռքերին պիտի հասնեին Մցխեթա, որպեսզի այսօր, հուլիսի 13-ին մասնակցեին տոնական ժամերգությանը` Սվետիցխովլոբային:
Մոտ 35 ուղղափառ հավատացյալներ հունիսի 1-ից սկսեցին արշավ Սուրբ Նինոյի անցած ճանապարհով: Արշավն սկսվեց Փոկայում Սուրբ Նինոյի օրվա տոնակատարությունից:
Ուխտավորները հիմնականում երիտասարդ կանայք և տղամարդիկ են: Նրանցից ամենատարեցը 63 տարեկան է: Սկզբնական տարիներին տեղացիներից ոչ մեկը չէր մասնակցում այս ուխտագնացությանը: Մարդիկ չգիտեին այս ավանդույթի մասին, բայց հիմա մասնակցում են շատ տեղացիներ:
Ուխտագնացությունը կատարվում է տարին մեկ անգամ, նույն օրը, Սվետիցխովլոբայի տոնին: Ուխտագնացությանը մասնակցելու համար շատերն են գալիս արտասահմանից: Այս տարի խաչակրաց արշավին մասնկացել են մարդիկ Լատվիայից: Անցյալ տարի մարդիկ էին ժամանել Ամերիկայից, Ռուսաստանից:
Հավատացյալներն անցնում են այն ուղին, որն անցել է Սբ. Նինոն: Ուխտագնացությունը սկսվում է Փոկա գյուղից, Փարվանա լճից և ավարտվում է Մցխեթայում, Սվետիցխովելի տաճարում:
Երբ Նինոն Կապադովկիայից եկել է Վրաստան, նա առաջին օրը գիշերել է Փոկայում, Փարվանա լճի մոտ: Այդ իսկ պատճառով ուխտագնացությունը սկսվում է այս վայրից:
Այս ավանդույթը Ջավախքում սկսվել է 1989 թվականից Պատրիարք Իլյա Երկրորդի օրհնությամբ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, պարզապես նախօրոք անհրաժեշտ է տեղեկացել, որպեսզի մասնակիցներին նախապատրաստեն ուխտագնացությանը` ֆիզիկապես և հոգեպես:
Ըստ Ավագ երեց Ալեքսանդրի այս ավանդույթի իմաստը աղոթքն է:
«Աղոթք Սուրբ Նինոյին և աղոթք վրաց ժողովրդի համար, որպեսզի մարդիկ դառնան հավատացյալ: Որպեսզի լինի խաղաղություն և անդորր, որպեսզի, մարդիկ վարեն ճիշտ ապրելակերպ, քրիստոնյային վայել: Մասնակիցների հետ տեղի են ունեցել նույնիսկ հրաշքներ: Զույգերից մեկը, ովքեր մասնակցել են արշավին չունեին երեխա, ուխտագնացությունից հետո նրանք երեխա են ունեցել», – ասում է Ավագ երեց Ալեքսանդրը:
Ավագ երեց Ալեքսանդրի խոսքով, ուխտագնացությանը մասնակցել են նաև ուղղափառ հայեր:
«Մենք գիշերում ենք Սաղամոյում, Գանձայում և հայերը ուրախությամբ ընդունում են մեզ, հյուրասիրում: Մենք ընդհանրապես նախօրոք գիտենք մեր երթուղին», – ասում է նա:
Ամեն տարի ուխտավորները կազմում են երթուղին, որով նրանք անցնելու են: Մասնակիցները քայլում են ձեռներին կրելով խաչեր, սրբապատկերներ, կարդալով աղոթք: Այս տարի ուխտավորները անցել են հետևյալ երթուղով` Փոկա, Գանձա, Սաղամո, Նինոծմինդա, Խոսպիո, Ախալքալաք, Բարալեթ, Կոթելիա, Վարևան, Պտենա, Չունչխա, Գումբուրդո, ապա իջել են Վարձիա և Ախալքալաք-Ախալցիխե-Թբիլիսի մայրուղով շարունակելով ճանապարհը դեպի Մցխեթա:
Ավագ երեց Ալեքսանդրը շատ անգամներ է մասնակցել ուխտագնացությանը: Դրանից հավատացյալները հոգեպես հարստանում են:
«Ուխտագնացության տպավորությունը անհնար է փոխանցել, այն պետք է զգալ: Ամբողջ Վրաստանում դա արվում է միայն Ջավախքում», – ասում է Ալեքսանդրը:
Առաքյալներին հավասար Սուրբ Նինոն համարվում է քրիստոնեական հավատի լուսավորիչ և Վրաստանի երկնային հովանավոր: Մի անգամ բարեպաշտ կնոջից, ում մոտ ծառայում էր Երուսաղեմում, Նինոն իմանում է, որ հնագույն մայրաքաղաք Իվերիայում (Վրաստան), Տիրոջ չարչարանքներից հետո Մցխեթա է տարվել նրա թիկնոցը: Եվ այդ օրվանից սկսում է ջերմեռանդորեն աղոթել Սուրբ Մարիամ Աստվածածնին, արժանացնել նրան երկրպագելու Տիրոջը: Սուրբ Աստվածածինը ընդառաջելով Նինոյի պաղատանքներին, երազի մեջ երևում է նրան, օրհնելով Նինոյին քարոզել քրիստոնեությունը Վրաստանում: Մի պալատական կին իջևանելով Երուսաղեմում, Եփեսոսից Հռոմ ճանապարհին, իր հետ վերցնում է Նինոյին: Հռոմում, Նինոն մնում է մի քանի օր, որտեղից նա գնում է Հայաստան, ապա Վրաստան: Մի անգամ նայելով երկնքին Նինոն հրեշտակ է տեսնում: Եվ հետո ուղևորվում հնագույն քաղաք Մցխեթա, ճանապարհին բուժելով հիվանդներին:
Սուրբ Նինոն Վրաստան է բերել խաչ, պատրաստված խաղողի վազից, միահյուսված իր մազերով: Այս խաչը պահվում է Թբիլիսիի Սիոնի տաճարում:
Շուշան Շիրինյան