Վրաստանի պետական հաստատություններում արձակուրդ է հայտարարվել հունվարի 1-ից հունվարի 10-ը։ Այս մասին հայտարարվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած խորհրդակցության ժամանակ, իսկ դպրոցներում արձակուրդում կլինեն դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 17-ը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև Վրաստանի համաճարակաբանական իրավիճակը։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 20-ին երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ՝ «Օմիկրոն», որի մասին խորհրդի անդամներին մանրամասն տեղեկություններ է հայտնել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
Հաշվի առնելով օմիկրոնի տարածման հետևանքով առաջացած նոր հանգամանքները՝ Համակարգող խորհուրդն այս փուլում նպատակահարմար չի համարել մեղմացման լրացուցիչ միջոցների որոշումը, այդ թվում՝ գիշերային ակումբների բացումը։
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին հորդորում է կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացում, որպեսզի երկրում խիստ սահմանափակող միջոցներ չկիրառվեն։
Վարչապետի հրամանով հանրապետությունում գործող կանոնակարգերի կատարումը խստորեն կվերահսկվի համապատասխան գերատեսչությունների կողմից։