Դեպի Մերձավոր Արևելք ուղիղ չվերթներն այժմ հնարավոր են նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանից։ Wizz Air Abu Dhabi էժանագին ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպ վերը նշված ուղղություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի օդանավակայանների միավորումը։

Այսօր առավոտյան օդանավակայանում վայրէջք է կատարել ավիաընկերության ինքնաթիռը, որը Աբու Դաբիից Քութաիսի է հասցրել 228 ուղեւորի։ Նրանց հանձնվել են խորհրդանշական նվերներ։

«Այսօր շատ կարևոր օր է Քութաիսիի միջազգային օդանավակայանի համար։ Պատմության մեջ առաջին անգամ Քութաիսին և Աբու Դաբին միացել են ուղիղ օդային գծով»,- ասել է Քաղավիացիայի գործակալության ղեկավար Թամար Արչուլաձեն։

«Wizz Air Abu Dhabi»-ն շաբաթական երկու անգամ չվերթներ կիրականացնի Աբու Դաբի-Քութայիսի-Աբու Դաբի ուղղությամբ նոր «Airbus A321neo»-ով:

Այսօր օտարերկրացիները կարող են հատել Վրաստանի օդային սահմանը ՊՇՌ (PCR) թեստի բացասական պատասխանով, կամ նրանք պետք է ունենան փաստաթուղթ, որը հաստատում է, որ տվյալ անձն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը։

«Wizz Air Abu Dhabi»-ն էժանագին ավիաընկերություն է՝ հիմնված Աբու Դաբիի (ԱՄԷ) միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը համատեղ ձեռնարկություն է պետական «ADQ»-ի և «Wizz Air Holdings»-ի միջև: Ավիաչվերթները սկսվել են 2020 թվականի նոյեմբերին։

Քութաիսիի միջազգային օդանավակայանը Վրաստանում ուղևորահոսքի թվով երկրորդ օդանավակայանն է։ Էժան գներ առաջարկող ավիաընկերություններն այստեղից չվերթներ են իրականացնում աշխարհի տարբեր կետեր:

2020 թվականին Քութաիսիի օդանավակայանից օգտվել է 183,9 հազար ուղևոր, սակայն մինչև 2019 թվականի կորոնավիրուսի համավարակը նրանց թիվը 873,6 հազար էր։

2021 թվականի նոյեմբերին Քութաիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է մոտ 34 հազար ուղևորի, ինչը կազմում է մինչհամավարակային մակարդակի մոտավորապես 48%-ը։

Այս պահի դրությամբ Քութաիսիի օդանավակայանում գործում են չորս ավիաընկերություններ, որոնք ավիաչվերթներ են իրականացնում 12 երկրների 21 ուղղություններով։

Աղբյուրը՝ Newsgeorgia