Առողջապահության համաշխարհյին կազմակերպության (ԱՀԿ) տեխնիկական տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է պակաս խոցելի լինել պատվաստանյութերի համար, սակայն «դելտայի» նման վտանգավոր չէ։
«Այսօրվա դրությամբ տվյալները սահմանափակ են և հաստատված ապացույցներ չկան, որ պատվաստանյութերն արդյունավետ են «օմիկրոնի» դեմ։ Նախնական տվյալները և «օմիկրոն» շտամի սպիտակուցի զգալիորեն փոփոխված հակագենային պրոֆիլը թույլ են տալիս ենթադրել, որ պատվաստանյութի արդյունավետությունն այդ շտամի դեմ կարող է թույլ լինել»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱՀԿ-ում շեշտել են, որ այդ նախնական տվյալները մատնանշում են, որ նոր շտամը պակաս վտանգավոր է, քանի որ հայտնաբերված դեպքերի մեծ մասն ընթացել է առանց ախտանիշների, կամ ընթացքը ծանր չի եղել։
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է արդեն 63 երկրում։ Տարածման արագությամբ այս նոր շտամը կարող է գերազանցել «դելտային», բայց ինչի հետ է դա կապված, դեռևս պարզ չէ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։
PanArmenian.net