«Կանանց տնտեսական աջակցություն» ծրագիրը Ախալքալաքում սկսել է գործել 2019 թվականից, այն ֆինանսավորվել է ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի և Կախեթիի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ տեղում իրականացնում է Կանանց հիմնադրամ Տասոն: Ծրագրի շրջանակներում Ախալքալաքում ֆինանսավորվել և իրականցվել է 28 նախագիծ, մոտ 25 000 լարիի սահմաններում:
Այն գործում է Վաչիան և Կարտիկամ գյուղերում և կազմակերպության ներկայացուցիչը այդ երկու գյուղերում Լյոլյա Ռաիսյանն է: Սկզբնական շրջանում բարդ է եղել աշխատանքը, քանի որ կանանց կողմից չի նկատվել բավական ակտիվություն և հավատ դեպի ծրագիրը, սակայն դա երկար չի տևել:
Առաջին կինը Սիրուշ Բալասանյանն է եղել Վաչիան գյուղից, որ մասնակցել է ծրագրին և ստացել է գրանտ: Նա հրուշակագործ է, և ծրագրի շրջանակներում ձեռք է բերել տարբեր պարագաներ, որը նրան օգնել է զարգացնել իր բիզնեսը:
«Ծրագրին մասնակցել եմ ընտանիքիս խորհրդով, ինձ գրանցել էր իմ ծանոթներից մեկը, մտածելով, որ դա կօգնի իմ բիզնեսին: Ես առաջինն էի, իհարկե, որոշակի ռիսկ կար, բայց ես չէի տատանվում քանի որ չշահելու դեպքում էլ կորցնելու բան չունեի, ինչևէ փորձեցի, և, ի ուրախություն ինձ ստացա գրանտ: Ես բոլորին հորդորում եմ մասնակցել նմանատիպ ծրագրերի՝ առանց վախի և մտածելու»:
Սիրուշի հաջողությունը, այլ կանանց համար դարձել է առաջմղիչ ուժ:
Ախալքալաքում ծրագրի ներկայացուցիչ Լյոլյա Ռաիսյանը նշում է, որ սկզբնական շրջանում անդամների քանակը եղել է շատ քիչ, (4-7 հոգի) այնուհետև շատացել են և ներկա դրությամբ գյուղ Վաչիանում մասնակիցների թիվը 32 է, իսկ Կարտիկամում՝ 28: Նրանց մեջ կան ինչպես անչափահաս աղջիկներ, այնպես էլ տարիքով կանայք: Ծրագրի առաջին փուլում մասնակիցների հետ իրականցվել է հանդիպումներ և թրեյնինգներ տարբեր թեմաներով, օրինակ՝ կանանց իրավունքներ, առկա հնարավորություններ, ակտիվության հետևանքներ և այլն:
«Այս ծրագիրը տարածաշրջանային էր և գործում էր Հայաստանում և Ադրբեջանում ևս, շատ ընդհանուր հանդիպումներ էր անցկացվում, որի ժամանակ հաջողության հասած կանայք մնացածի հետ կիսվում էին իրենց փորձով, նվաճած հաղթանակներով և այն դարձնում մոտիվացիա մնացածների համար, բացի դրանից երբ պատմում էին իրենց բիզնեսի մասին շատերի համար դա դառնում էր հետաքրքիր հնարավորություն և նրանք մտածում էին, որ իրենք ևս կարող են աշխատել»:
Այդ հանդիպումներից հետո, կանայք սկսել են մասնակցել այլ թրեյնինգների, որի շրջանակներում նրանց սովորեցրել են ինչպես կառավարել սեփական բիզնեսը: Այնուհետև ֆինանսների նախարարության ակադեմիայի կողմից հանդիպումներ է կազմակերպվել Ախալքալաքում, որին տեղում աջակցել է Մեծահասակների կրթության կենտրոնը:
Բացի ուսուցողական հանդիպումներից ծրագրին անդամ կանայք մասնակցել են բազում էքսկուրսիաների, ծանոթացել Վրաստանի այլ շրջաններում ապրող ակտիվ կանանց հետ:
Չնայած համավարակին ծրագիրը մեկ օր անգամ չի դադարել գործել:
«Հիմնադրամները այդ ժամանակահատվածում մաքսիմալ կերպով ճիշտ աշխատեցին մասնակիցների հետ, այդ կերպ կարողացանք զերծ մնալ համավարակի վատ ազդեցությունից», – հավելում է Լյոլյան:
Ինչ վերաբերվում է լեզվական բարիերին, չնայած նրան, որ հանդիպումների ժամանակ միշտ եղել է թարգմանություն, զուգահեռ վրաց լեզվի ուսուցման լեզվի խմբակ է բացվել, որ մասնակիցները կարողանան գրանտների դիմել հենց վրացերենով,բայց այդ ժամանակահատվածը բավականին բարդ ընթացք է ունեցել քանի որ յուրաքանչյուր դիմումի վրա շատ ջանք ու եռանդ է ծախսվել կապված թե դրանց նախագծման և թե վրացերենով ներկայացնելու հետ: Գրանտները տրվել են՝ տնտեսական և ուսումնական նպատակներով: Կարտիկամ և Վաչիան գյուղերում ընդհանուր 11 ուսումնական գրանտ է ֆինանսավորվել:
Նրանցից մեկը Էլմիրա Գինոյանն (Օհանջանյան) է, ով նախընտրել է սովորել ժեստերի լեզուն, որի համար էլ ուսումնական գրանտ է ստացել:
«Իմ ծնողները լսողական և խոսակցական խնդիրներ ունեն: Ես կոմպլեքսավորվում էի մարդկանց մոտ ցույց տալ, որ տիրապետում եմ ժեստերի լեզվին, բայց, երբ հնարավորություն եղավ, ամուսնուս խորհրդով ներկայացրեցի հայտ, մասնակցեցի որոշ թրեյնինգների և ֆինանսավորում ստացա՝ սովորելու ժեստերի լեզուն: Հետաքրքրվեցի և իմացա որ մեր շրջանում ևս կան այդպիսի սահմանափակ կարողություններով մարդիկ, և եթե հնարավորություն և ֆինանսական աջակցություն լինի ուզում եմ խմբակ բացել և աշխատել այդպիսի մարդկանց հետ»:
Ախալքալաքում ծրագրի պատասխանատուն նշում է.
«Եթե սկզբնական շրջանում նկատվում էր պասիվութուն, ապա շահած գրանտներից և հաջողություններից հետո շատերի մոտ հավատ և ցանկություն առաջացավ մասնակցել նմանատիպ ծրագրերի: Եթե սկզբում ստիպված էի անձամբ գտնել կանանց, հիմա շատերը իրենք են զանգում և հետաքրքրվում»:
Ախալքալաքում կանանց տնտեսական ակտիվություն ծրագրի շրջանակներում ներկայացված 32 ծրագրից 28-ը ֆինանսավորվել է՝ սկսած 400 լարիից մինչև 2500 լարի՝ մեկ նախագծի համար:
Ծրագիրն ավարտվել է հունիս ամսին, բայց ոչ մի խումբ չի դադարեցրել իր աշխատանքը: Հիմա քննարկվում է ծրագրի շարունակության հարցը: Լյոլյա Ռաիսյանը հույս է հայտնում, որ շարունակության դեպքում կներառվեն այլ գյուղեր ևս:
Շարունակությանը սպասում է նաև Կարտիկամ գյուղից տիկին Գյուլնարան, որը նախատեսում է բացել կարի ատելիե, որպեսզի որդին և ամուսինը տեղում աշխատանք ունենան և ստիպված չլինեն արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան:
Կին, որը օրինակ է հանդիսանում շատերի համար
Լիդա Ալմասյան