Ախալքալաքի Մուրջախեթ գյուղի բնակիչ Ենոք Բաբաջանյանն արևային էլեկտրաէներգիա է արտադրում, ստացվածի մի մասը վաճառում է պետությանը, իսկ մի մասն օգտագործում իր ջերմոցում, որտեղ լոլիկ է աճեցնում։ Զուգահեռաբար արտադրում է կենսագազ։ Արդյունքը գերազանցեց սպասելիքները, Ենոքը մտադիր է ընդլայնել բիզնեսը։
«Տեղական զարգացման խումբ» LAG-ի ֆինանսական աջակցությամբ, ENPARD2 ծրագրով, Ենոք Բաբաջանյանը 2020 թվականին, Մուրջախեթ գյուղում, կառուցեց ջերմոց։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 50 000 լարի, որից 35%-ը ինքնաֆինանսավորումն է, իսկ հիմնական մասը՝ 65%-ը՝ դրամաշնորհը։
Երեքը մեկում. Ջավախքի նորարարական առաջին ջերմոցը
Ջերմոցի տարածքը 200 քառ/մ է։ Նրա խոսքով, տարեկան մոտ 5 տոննա լոլիկ է ստանում։ Տնկել է 500 ծիլ։ Եկամուտը տարեկան 8000 լարի է։ Ենոք Բաբաջանյանը շատ գոհ է։ Իրացման հետ կապված նույնպես խնդիրներ չկան։ Ախալքալաքում նրա լոլիկը պահանջված է։ Նա բանջարեղենն աճեցնում է առանց քիմիական նյութերի։
Բաբաջանյանի սպասումներին հակառակ ջերմոցը Ախալքալաքում շահութաբեր բիզնես եղավ։ Ինքը և շատ ուրիշներ չէին հավատում և չէին սպասում, որ Ախալքալաքում ջերմոցային բիզնեսը կարող է զարգանալ։
Ենոք Բաբաջանյանի բիզնես ծրագրի համաձայն, ջերմոցը պետք է ծախսերը փակեր 3,5 տարում։
«Արդեն երկրորդ տարին է, և ծախսերի 80%-ը ծածկված է։ Արդեն լոլիկը հավաքել եմ, այս սեզոնին, մինչև փետրվարի վերջ կանաչի եմ աճեցնում, հետո մարտից, նորից՝ լոլիկ։ Իրացման հետ կապված խնդիրներ չկան, բնակչությունն արդեն գիտի համը, համագյուղացիները, հարևան գյուղերի բնակիչները, բոլորը ինձնից են գնում։ Ես արդեն մշտական հաճախորդներ ունեմ, դրանք արագ սննդի օբյեկտներ են (շաուրմա, պիցցա): Ես պայմանագիր ունեմ նման երկու օբյեկտի հետ։ Այն տեսակը, որը ես աճեցնում եմ՝ Բելֆորդը, հարմար է շաուրմա և պիցցա պատրաստելու համար, շատ մսոտ են»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։
Բաբաջանյանը չի մոռանում զբաղվել նաև մարքեթինգով, մոտ 500 կգ չհասած, կանաչ լոլիկ, նրա խոսքով, մարինադի համար, բաժանել է իր մշտական հաճախորդներին։
Ջերմոցային բիզնեսը դարձել է ընտանեկան բիզնես։ Ենոք Բաբաջանյանի խոսքով, շատ են գալիս հետաքրքրվում ջերմոցով, իսկ ամենաշատը՝ արևային մարտկոցներով։ Արևային կայանը արտադրում է 5 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։
Ենոք Բաբաջանյանը շահել է ևս մեկ արևային, 10 կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրող, կայանի տեղադրման ծրագիր։ Շահել է UNDP-ից։ Նա վճարել է նախագծի արժեքի 20%-ը, իսկ Եվրամիությունը՝ 80%-ը։ Նա մտադիր է իր տունն ու ջերմոցն ամբողջությամբ տեղափոխել արևային էներգիայի օգտագործման վրա։
Նոր կայանը կտեղադրվի օրերս։ Նա հնարավորություն կունենա ստանալու 15 կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ենոք Բաբաջանյանը, ինչպես և 2 տարի առաջ, էլեկտրաէներգիա է վաճառում պետությանը, երբ կայանը շատ է արտադրում, հիմնականում ամռանը, և գնում է, երբ արևոտ օրերը քիչ են։
Ենոք Բաբաջանյանը փորձել է նաև վարունգ աճեցնել, և շատ գոհ է։ Մտադիր է ընդլայնել ջերմոցը, կողքը կառուցել ևս մեկը և վարունգ աճեցնել։
«Ես մտադիր եմ ևս մեկ ջերմոց կառուցել 250 քառ/մ մակերեսով և այնտեղ վարունգ աճեցնել, որպեսզի հաճախորդը կարողանա մի տեղից գնել և վարունգ, և լոլիկ»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։
Ենոք Բաբաջանյանը շատերին օրինակ է ծառայում։ Նա խորհուրդներ է տալիս բոլոր հետաքրքրված մարդկանց։ Մեր այցելության ժամանակ Ենոքը հյուր ուներ, ով Ենոքի հաջողությունից ոգեշնչված ուզում է ինքը ևա ջերմոց կառուցել։