Ընթացիկ՝ 2021 թվականի հունվարին Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի բոլոր բուժքույրերին, «LAG»-ի և մունիցիպալիտետի կողմից համատեղ իրականացվող «ENPARD-2» ծրագրի շրջանակներում, COVID-19 համավարակի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով, բաժանվել են բժշկական սարքավորումներ, սակայն այդ սարքավորումները հիմնականում չեն օգտագործվում, դրանք փակ վիճակում դրված են բուժքույրերի տներում։ Սարքավորումների կազմում ընդգրկված է երեխաների և մեծահասակների համար այսօր շատ պահանջվող և անհրաժեշտ նեբուլայզեր սարքը։
Փաթեթում, որը ստացել էին մունիցիպալիտետի 44 բուժքույր, ներառված էր՝ մեծերի և փոքրերի համար հեռակառավարվող ջերմաչափ, մեծահասակների և երեխաների համար էլեկտրոնային պուլսոմետր, գլյուկոմետր, նեբուլայզեր և ինհալատոր երեխաների և մեծերի համար, ախտահանիչ լուծույթ, մեծահասակների և երեխաների համար պարանոցի կայունացուցիչ, միանգամյա օգտագործման ձեռնոցներ, դիմակներ, վերքերի առաջնային վիրաբուժական մշակման հավաքածու և շատ այլ պարագաներ և սարքավորումներ:
Բժշկական սարքավորումների փաթեթները բաժանվել են քաղաքապետարանում։ Փաթեթների հանձնման ժամանակ չէին հրավիրվել LAG-ի ներկայացուցիչները, բուժքույրերի հետ աշխատող բժիշկները։
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 66 գյուղ, քաղաքապետարանը բուժսարքավորումները բաժանել է 44 բուժքրոջ։ Մունիցիպալիտետի ոչ բոլոր գյուղերն ունեն բժշկական կենտրոն, իսկ որոշ գյուղերում ընդամենը չորս պատ է՝ ոչ սարքավորումներ, ոչ ջուր, ոչ լույս կա։ Գյուղերի մեծ մասում բուժքույրերն աշխատում են տնից՝ իրենց տան մի անկյունում դասավորելով առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաները (վիրակապ, բամբակ, յոդ):
Այսօր, Ախալքալաքում տասնյակ մարդիկ տանջվում են թթվածին, շնչառական սարքեր փնտրելով, շատերը նեբուլայզեր են պատվիրում և սպասում մի քանի օր, ինչը կարող է ճակատագրական լինել հիվանդի համար, նա կարող է չդիմանալ և սարքին սպասելու ընթացքում մահանալ։
Բայց, ինչպես պարզվում է, այս տասնյակ սարքերը գյուղերում գրեթե մեկ տարի է, ինչ փաթեթավորված վիճակում դրված են։ Բնակչության մեծ մասը տեղյակ չէ դրանց գոյության մասին, իսկ բուժքույրերն իրենք էլ չգիտեն ինչպես օգտվել դրանցից։
Տեղական իշխանություններից ոչ մեկը չի ստուգել, թե արդյո՞ք դրանք ծառայում են իրենց նպատակին, քաղաքապետարանում հնարավոր չէ գտնել անգամ այն 44 գյուղերի ցանկը, որոնք ստացել են այս սարքավորումները։
Այնպես ստացվեց, որ բուժքույրերին բուժսարքավորումների փոխանցման ժամանակ ներկա գտնված պաշտոնյաներն այսօր արդեն պաշտոնաթող են եղել։ Ախալքալաքի արդեն նախկին փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը չի պատասխանում մեր զանգերին, քաղաքապետարանի սոցիալական ծառայության նախկին պետ Կլիմենտ Չտչյանն ասաց, որ բոլոր փաստաթղթերը բաժնում են, իսկ այնտեղից ասացին, որ նման փաստաթուղթ չկա։ Այդ բոլոր սարքավորումները ներառված չեն մունիցիպալիտետի հաշվեկշռում։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է տրվել և ում:
«Մենք վերահսկում ենք գյուղերի բուժկետերի աշխատանքը։ Ամսի 17-ին ես կանչելու եմ բոլորին, որ իմանան, թե ում է տրվել և ինչ է տրվել։ Մենք թրեյնինգ կանցկացնենք ու կասենք: Չգիտեմ ինչ են նրանք տվել, ինչ կա փաթեթի մեջ, քաղաքապետարանում բուժքույրերը ստացել են փաթեթն ու գնացել տուն։ Դա իմ հաշվեկշռում դրանք չկան։ Նրանք պետք է բուժքույրերի հետ միասին բժիշկներին էլ հրավիրեին»,- ասաց Ախալքալաքի ՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը.
Բժշկական սարքավորումների բաժանման ժամանակ հրավիրվել էր նաև Ախալքալաքի շտապօգնության մենեջեր Երեմ Եզոյանը։
«Այո, նրանք հրավիրել էին ինձ, որպես շտապօգնության մենեջեր, մենք փաթեթը բացեցինք, դժվար բան չկա, ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է օգտագործել։ Պայմանավորվեցինք, որ տեխնիկայի օգտագործման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգեն ինձ, աշխատողներս ցույց կտան ու ամեն ինչ կբացատրեն իրենց։ Բայց վատ է, որ բժիշկներին չէին հրավիրել։ Ես իմ դժգոհությունը հայտնեցի դրա վերաբերյալ։ Համատեղության կարգով Դիլիսկա գյուղում նաև բժիշկ եմ աշխատում։ Գյուղում մենք օգտագործում ենք թթվածնի ապարատը, որը սարքավորումների փաթեթում էր ընդգրկված, դրանք տնետուն են տանում, շատ լավ սարքեր են, գյուղում մարդիկ իրենք իրենց մեջ արդեն ապարատն օգտագործելու ժամանակը բաշխել են »,- ասաց Երեմ Եզոյանը։
Նոր բժշկական սարքավորումները ձեռք են բերվել LAG-ի և մունիցիպալիտետի կողմից իրականացվող «ENPARD-2» ծրագրով։
Բժշկական սարքավորումների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին՝ 167 160 լարիի չափով։ Սակայն տենդերը «Մեդինյուս» ընկերությունը շահել է 158 560 լարիի չափով։ 167 160 լարիից 150 000 լարին ֆինանսավորվել է «LAG»-ի, իսկ 17 160 լարին՝ տեղական բյուջեի կողմից։
«LAG-ը քաղաքապետարանի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, գնել է այդ սարքավորումները։ Մրցույթի 3-րդ փուլը հայտարարել ենք շրջանում Covid-ի դեմ պայքարի համար, քաղաքապետարանը դիմում է ներկայացրել: Գումարը մենք ենք ուղարկել, մրցույթը հայտարարել է քաղաքապետարանը։ Քաղաքապետարանում է գրվել է փաթեթում առկա սարքավորումների անվանումները: Տենդերից խնայվել է մոտ 9000 լարի, ես կոնկրետ չեմ հիշում, մեզնից թույլտվություն էին խնդրում, որ այդ գումարով նորից սարքավորում գնեին։ Մենք պայմանավորվեցինք ու նրանք գնեցին։ Փաստաթղթերն նրանք ուղարկեցին մեզ, ես տեսել եմ, դրանք գնված են։ LAG-ը կարող է մոնիտորինգ իրականացնել, ով չի օգտագործում, թող տան ուրիշներին, ով կարող է օգտագործել և ում դա է պետք»,- ասում է ծրագրի համակարգող, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) աշխատակից Քեթևան Ռուխաձեն:
Տենդերից խնայված 8600 լարիի գումարով գնված լրացուցիչ բժշկական սարքավորումը բաժանված չէ, այն գտնվում է քաղաքապետարանի պահեստում։
Ջավահիր Սամվելյանը 38 տարվա փորձ ունեցող բուժքույր է, աշխատում է Էխտիլա գյուղում։ Էխտիլա գյուղը եւս բուժսարքավորում է ստացել քաղաքապետարանից։ Գյուղում բժշկական կենտրոն չկա։ Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավի ժամանակ ինքը դժգոհել է և պահանջել, որ գոնե մեկ սենյակ հատկացնեն բուժկետի համար, որպեսզի կարողանա այնտեղ մարդկանց ընդունել։ Այս պահին բոլոր սարքավորումները պահվում են նրա տանը, չօգտագործված են և նույնիսկ բացված չեն։
Սարքավորումները ստանալուց հետո բուժքույրերը փաստաթուղթ են ստորագրել, որ ստացել են բժշկական սարքավորումները։
«Իմ ստացած սարքավորումներից ես օգտագործել եմ սատուրատորը, ճնշման ապարատը, արյան մեջ շաքարի քանակը չափող սարքը։ Միայն թթվածնային ապարատից չեմ կարող օգտվել ու չեմ օգտագործել այն, բայց այն մեր գյուղացիներին հարկավոր էլ չի եղել։ Եթե կարիք լիներ, կհարցնեի իմ բժշկին, նա ինձ կօգներ»,- ասաց Ջավահիր Սամվելյանը։
Ջավահիրը հիվանդներին չի ընդունում իր տանը, նրա խոսքերով, միայն երեխաների պարտադիր պատվաստումներն է անում տանը, իսկ մնացածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով ինքը գնում է նրանց տուն։
Մերենիա գյուղը նույնպես բժշկական սարքավորումներ է ստացել։ Մերենիա գյուղի բուժկետն ավերված է, պատուհանների ապակիները կոտրված են, ներսը դատարկ։
Բուժքույրը պահում է ամեն ինչ իր տանը, սենյակի մի անկյունը հատկացված է առաջին անհրաժեշտության դեղերի համար։ Վերջինիս խոսքով, ինքը բազմիցս խնդրել է կարգի բերել բուժկետը։ Նա ծանոթ չէ թթվածնի մատակարարման սարքավորումներին և ևս մեկ սարքավորման, որը նա նույնիսկ չգիտի, թե ինչի համար է:
«Բժշկական կենտրոն համ ունենք, համ չունենք, միայն չորս մերկ պատ է, բայց դա էլ լավ վիճակում չէ, լույս ու ջուր չկա։ Նույնիսկ ես այդ սենյակի բանալին չունեմ, դա գյուղի լիազորի մոտ էր, բայց նա մահացել է։ Գյուղում եղել են կորոնավիրուսով հիվանդներ, սակայն նրանք նախընտրել են բուժվել հիվանդանոցում։ Ես տանը ոչ մեկին չեմ ընդունում, և տանը ես չեմ միացնի այս սարքավորումը։ Բժիշկներին չի էլ հետաքրքրել, թե ինչ սարքավորում է և ինչի համար կարող է օգտագործվել»,- ասում է Մերենիա գյուղի բուժքույր Նանուլի Պապոյանը։
Գրեթե 200 հազար լարին, որը ծախսվել է այն ամենի վրա, ինչն այսօր այդքան անհրաժեշտ է ամբողջ աշխարհին, Ախալքալաքում հիմնականում չեն գտել իրենց գործածումը։