Օրջա գյուղի մանկական խաղահրապարակը գտնվում է անմխիթար վիճակում, կոտրված է ճոճանակը, իսկ նոր պարագաներ տեղադրելու համար պետք է սպասել մյուս տարվան:

Գյուղում 3-4 տարի առաջ կառուցվել է փոքրիկ մանկական այգի, որն արդեն վերանորոգման կարիք ունի:

Jnews-ը Օրջա գյուղի գյուղապետից փորձեց պարզել, թե ե՞րբ է նախատեսվում վերանորոգումը և ի՞նչ ծրագրեր են նախատեսվում առաջիկայում:

Օրջա գյուղին ամեն տարի հատկացվում է 16 000 լարի առկա խնդիրները լուծելու նպատակով: Գյուղի մանկական այգին ևս կառուցվել է այդ միջոցներով, սակայն ինչպես նշեց գյուղապետ Ռոբերտ Արևյանը գյուղացիները բավարար ուշադրություն չեն դարձնում եղածին և մեծ տարիքի երեխաները մտնում են այգի և ջարդում:

orja sad

«Ես չեմ տանում իմ երեխային խաղալու, քանի որ շուրջ բոլորը քար է և վախենում եմ երեխաս ընկնի, գլուխը խփի ու վնասվի, համ էլ ճոճանակները ջարդված են, և, ընդհանրապես նման չէ խաղասրահի», – ասում է Օրջա գյուղի բնակիչներից մեկը:

Օրջա գյուղում բացի այգուց, շատ խնդիրներ կան, դրանցից են մարզադահլիճի և մանկապարտեզի բացակայությունը, գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը և այլն: Թվարկված խնդիրներին լուծում տալու նպատակով առաջիկայում գյուղապետը համապատասխան դիմում կներկայացնի Ախալքալաքի տեղական իշխանություններին:

«Ես շահագրգռված եմ, որ ամեն տարվա հատկացված գումարով կարողանանք լուծել խնդիրներից որոշները, այդ թվում՝ նաև այգու վերանորոգման հարցը»,- ասում է գյուղի գյուղապետը: