Ջավախքի բարձունքներից մեկի վրա՝ Արագվա գետի ձախ կողմում, գտնվում է համանուն գյուղի ամենանշանակալի շինությունը՝ Արայի («Արաբերդ») բերդը, որը թվագրվում է 11-12-րդ դարերով, ինչպես ասում են գյուղում: Երբ ժամանակակից բնակիչները 1828 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթեցին այս տարածք, նրանք տեսան այս բերդը և դրան կից Սուրբ Սարգիս սրբավայրը։

Արագվա գյուղը կազմավորվել է 1830-ական թթ.-ին, Էրզրումի շրջանի Ջինիս գյուղից հայերի վերաբնակեցման արդյունքում։ Ի սկզբանե այս տարածքում գյուղերի միջով անցնող գետի երկու կողմերում եղել են 2 բնակավայրեր՝ Արան և Գովան։ Երբ հին գյուղերը փլուզվել են, ստեղծվել է մեկ նոր գյուղ՝ Արագովան, որը հետագայում սկսել են անվանել Արագվա:

Արաբերդ ամրոցից քիչ բան է մնացել՝ փոքրիկ ավերակներ, որոնք հանգչում են գեղատեսիլ բնության գրկում գտնվող բլրի վրա: Բերդի դիմաց կան 5 բլուրներ, որոնք հատվելով իրար՝ կազմում են «Մեծ կիրճ»-ը։ Արագվա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ղազարոս Ունանյանի խոսքով՝ բերդը վերականգնելու գաղափարն առաջացել է դեռ վաղուց, սակայն միջոցների սղության պատճառով չի իրականացվել։

«Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ վերակառուցեցինք մեր եկեղեցին, խոսք էր գնում բերդի վերակառուցման մասին, բայց ֆինանսական խնդիրների պատճառով այս միտքը մոռացության մատնվեց:Մենք թույլտվության համար պաշտոնական դիմումներ չներկայացրինք, դա պարզապես քննարկվում էր բանավոր ձևով։ Քանի դեռ ֆինանսներ չկան, մենք չենք մտածում դիմումներ ներկայացնելու մասին»,- նշեց նա։

Արաբերդը, մյուս ամրոցների պես, ունեցել է ռազմական նշանակություն և ծառայել է որպես պաշտպանական կառույց։ Դրա տակով անցնում է թունել, որը բաժանված է 3 գաղտնի անցումների՝ մեկը տանում է դեպի Զակ գյուղ, մյուսը՝ գետի մոտ, իսկ երրորդը ամրոցը կապում է գյուղի հետ։

«Կարելի է ասել, որ դրանք եղել են գաղտնի անցումներ, թաքստոցներ, որպեսզի ինչ-որ բանի դեպքում մարդիկ կարողանան դեպի ջուրը հասանելիություն ունենալ: Հավանաբար, այս ամրոցը ռազմական նշանակություն է ունեցել: Այն այնպես է կառուցված, որ կարելի էր պահակություն անել, պաշտպանել։ Ոչ ոք չգիտի, թե նախկինում ինչ տեսք է ունեցել բերդը՝ մեր նախնիներն այն գտել են արդեն այս վիճակում»,- պատմում է Ունանյանը:

Բերդի շարունակությունը դրանից փոքր-ինչ ներքեւ գտնվող Սուրբ Սարգիս սրբավայրն է։ Մի փոքր այն կողմում էլ «Սուրբ Պողոս-Պետրոս» փոքրիկ սրբավայրն է գտնվում։ Այս սրբավայրերը խնամվում են Մանուշյանների ընտանիքի կողմից, քանի որ երկուսն էլ գտնվում են իրենց տան մոտակայքում։ Գյուղի բոլոր բնակիչները, ինչպես նաև Ջավախքի այլ կողմերից և Ռուսաստանից այցելուները հավատում են այս սրբավայրերի զորությանը:

«Ես մեծացել եմ այս սրբավայրերի կողքին: Ահա այնտեղ իմ հայրական տունն է, իսկ այստեղ էլ ես հարս եմ եկել: Այս սրբավայրը բերդի շարունակությունն է: Հորիցս ես լսել եմ, որ երբ թուրք-սելջուկներն ուզում էին գրավել այս բերդ, այստեղ կատաղի կռիվ է ընթացել, և մինչ օրս այստեղ հնարավոր է գտնել մարդկային ոսկրեր: Գյուղացիները երբեմն վերցնում են այս ոսկորները և տարատեսակ պառավական դեղեր են պատրաստում՝ վախը քշելու համար: Երկրաշարժից առաջ այս սրբավայրը ուրիշ տեսք ուներ, դրանից հետո այն փլվեց: Հայրս Միշտ ասում էր. «եթե փորձանքի մեջ ընկնես, շրջվիր ու ասա՝ Պողոս ու Պետրոս, օգնե՛ք ինձ։ Եվ իսկապես, ես միշտ հավատում եմ: Այնտեղ կա ղոչ, այնտեղ զոհաբերութոյւններ են արվում»,- պատմում է Ալվարդ Մանուշյանը։

Երկու ղոչերից միայն մեկն է մնացել՝ երկրորդը, ինչպես գյուղացիներն են ասում, գողացել են։ Ալվարդի խոսքով՝ բոլոր կրոնական տոներին, և հատկապես Զատկական տոնին, սրբավայրը կերպարանափոխվում է՝ երիտասարդներն այստեղ շուրջպար են բռնում, երգեր երգում, պարում։

Ամալյա Բաբայան