Համաճարակի սկսվելուց ի վեր Covid-19-ից Վրաստանում մահացած 17 հղիներից ոչ ոք պատվաստված չի եղել։ Այս մասին կարդում ենք Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի «Covid-19-ը՝ Վրաստանում (յոթերորդ ակնարկ)» զեկույցում։
Ուսումնասիրության համաձայն, համավարակի սկզբից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը՝ Վրաստանում նախածննդյան խնամքի համար գրանցված է եղել 85 345 հղի, իսկ 2020 թ.-ին՝ 45 516, 2021 թ.-ին՝ 39 829։
Հղիների շրջանում Covid-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 7 338 է, որը կազմում է 8,6%։
Վարակն ամենաշատ հաստատվել է 35-39 տարիքային խմբում գտնվող հղիների մոտ։
Հղիների մոտ կորոնավիրուսի հաստատված դեպքերը գրանցվել են՝ Քվեմո Քարթլի, Շիդա Քարթլի և Սամցխե-Ջավախքի շրջաններում։
Ամբողջությամբ պատվաստված հղիների շրջանում Covid-19 վարակը շատ ցածր է, մասնավորապես՝ 40-44 տարիքային խմբում գտնվող հղիների շրջանում։
Վրաստանում Covid-19-ով վարակված հղիների ընդհանուր թվից մահ է գրանցվել 17-ի դեպքում, նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել, մահացությունը կազմել է 0.23%: